Պարգևավճարային չտեսությունը և Փաշինյանի օմբուդսմենությունը


23:46 , 23 հունվար, 2019

ՀՀ վարչապետի ժնևյան արտահերթ ուղիղ եթերը, որը նվիրված էր պարգևավճարներին, ապացույցն է այն բանի, որ մարզերի և գերատեսչությունների բյուջեների տարրական գրպանման դաբռոն հենց վարչապետն է տվել։ Այլ կերպ չի կարելի մեկնաբանել նրա շատ վատ ստացված «օմբուդսմենությունն» այդ արարքի նկատմամբ։ Պարոն Փաշինյանը պետք է հասկանա, որ այն, ինչ ինքն ասում է, չի նշանակում, որ ճշմարտության վերջն է։ Ո՞վ է նրան ասել, որ պարգևավճարներն աշխատավարձի մաս են։ Այդպիսի բան չկա։ Պարգևավճարները պարտադիր չեն և կարող են չտրամադրվել։ Ժողովուրդն այն անվանում է 13-րդ աշխատավարձ։ Գոնե դա պետք է հուշեր, որ բարոյականությունից ելնելով այդ պարգևավճարը պետք է ստանային նրանք, ովքեր 1 տարի աշխատել են, այլ ոչ թե գյոռմամիշ և չտես որոշ պաշտոնյաների պես, որոնք պարգևատրում են իրենց ու իրենց շրջապատին՝ աշխատելով ընդամենը 3-8 ամիս։ Իշխանական զավեշտներից է նաև այն, որ որոշ մարզպետներ կրկնակի պարգևավճարներ են տվել իրենք իրենց և շրջապատին։ Երևում է՝ Ամանորի սեղանը զարդարելու համար գումարի պակաս են ունեցել։

Պարոն Փաշինյանը պարգևավճար տրամադրելը պայմանավորում էր նաև կոռուպցիայի դեմ պայքարով և լավ մասնագետներին պետական համակարգում պահելով, որոնք իբրև թե ոչ պետական համակարգում աշխատելիս մի քանի միլիոն դրամ են ստացել, իսկ տեղափոխվելով մարզպետարաններ կամ պետական հիմնարկներ՝ 600 հազար դրամ են ստանում։ Հետաքրքիր է, ՔՊ-ական ո՞ր մարզպետներն ու իրենց կողմից դրամական պարգև ստացած իրենց շրջապատն են ոչ պետական սեկտորից պետական տեղափոխվել, որ նախկինում ստացել են մի քանի միլիոն դրամ աշխատավարձ։ Նախկին գյուղապե՞տը, նախկին ուսուցի՞չը, թե՞ ով։ Չեմ ասում, որ Փաշինյանի ասած մասնագետներ չեն ներգրավվել պետական համակարգում, բայց նրանք մի քանիսն են, համոզված եմ։ Իսկ եթե գլոբալ․ եթե որոշ պաշտոնյաներ չեն ցանկանում աշխատել պետական համակարգում, ապա, ինչպես ասում են, «Скатертью дорожка․ Свято место пусто не бывает»։ 

Օրինակ՝ հետաքրքիր է, այդ ինչ մասնագետ է ՊԵԿ նախագահի գործավարուհին, որ Հայաստանի նման երկրում նրան վճարվել է 2 մլն 763 000 դրամ պարգևավճար։ Չլինի՞՝ ՊԵԿ նախագահի գործավարուհին Օքսֆորդի կամ, վատագույն դեպքում, Լոմոնոսովի անվան համալսարաններն է ավարտել։ Հետաքրքիր է, այդ ինչպես է նա պատասխանում հեռախոսազանգերին կամ սուրճ մատուցում, որ ՊԵԿ նախագահը նրան պարգևատրել է 5,7 հազար դոլարով։ Կամ ՊԵԿ նախագահի խոսնակը, ում «ուվաժաեմի շեֆը» պարգևատրել է 2 մլն 30.000 դրամով։ Այդ ինչպիսի՞ հաղորդագրություններ է նա պատրաստում ՊԵկ նախագահի համար, որ ՊԵԿ նախագահն այդպես առատաձեռն է գտնվել նրա հանդեպ։ Այս երկու, հավանական է, տիկնանց կողքին ուղղակի հրեշտակ է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի խորհրդականը, ով ստացել է ընդամենը 1 մլն 574 000 դրամ։ Երևի լավ խորհուրդներ չի տալիս պատրոնին։ Իսկ այ գործավարուհին և մամլո խոսնակը տաժանակիր աշխատում են և հայաստանյան պայմաններում ջենիֆերլոպեսյան հոնորարներ ստանում։ Նույն խայտառակ իրավիճակ է Երևանի քաղաքապետարանում։ Ինչպե՞ս կարելի է իշխանության գալ 2018 թ․-ի սեպտեմբերին և նույն թվականի դեկտեմբերին մոտ 1 միլիոն դոլարի պարգևներ վճարել ու ընդդիմանալ բացահայտել, թե ովքեր են արժանացել պարգևավճարների։ Դե սրանց կողքին մարզպետները և նրանց «քիփիլիկ» շրջապատը հրեշտակներ են երևում։
Ավելի լավ կլիներ, եթե պարոն Փաշինայնը լռեր։ Շատ վատ ստացվեց պարգևավճարային օմբուդսմենությունը նրա մոտ։

Այո՛, պարգևավճարներ տալով օրենք չի խախտվել, բայց մենք միայն օրենքներով չենք շարժվում։ Կան բարոյականության չգրված նորմեր, որոնք շատ կոպիտ են խախտվել այս պարգևավճարները տրամադրելիս։
Նախորդները կորցրին իշխանությունը հենց այդ պատճառով։ Գրեթե ամեն ինչ անում էին օրենքով՝ թքած ունենալով բարոյականության նորմերի և մարդկային արժանապատվության վրա։ Պատասխանը ստացան 2018 թ․-ի գարնանը, որը, հուսամ, պետք է դաս լինի նոր իշխանությունների համար։