Մանապարտեզի ձերբակալված տնօրենը քիչ առաջ ազատ է արձակվել


19:50 , 23 հունվար, 2019

Armtimes.com-ը գրում է.

Երեւանի «Լապտերիկ» մանկապարտեզի տնօրեն Գայանե Հովհաննիսյանը ստորագրությամբ է ազատ է արձակվել:

ՀԺ-ի տեղեկությունը հաստատեցին ՀՀ քննչական կոմիտեից հավելելով, որ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (առանձանպես խոշոր չափերի յուրացում) եւ ՀՀ ՔՕ 308 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը):

ՔԿ-ից տեղեկացրին, որ հաշվի առնելով, որ Հովհաննիսյանը ընդունել է առաջադրված մեղադրանքը, զղջացել է, ՔԿ դեպոզիտ հաշվին փոխհատուցել է պատճառված վնասը (20 միլիոն), ուստի նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախնական քննության տվյալներով՝ մանկապարտեզի տնօրենը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2014թ. սկզբներից մինչև 2019թ. հունվարի 17-ն ընկած ժամանակահատվածում առերևույթ յուրացրել է իրեն վստահված, մանկապարտեզի երեխաների բաժին հանդիսացող, դեռևս չհաշվարկված արժեքի սննդի մի մասը, ինչպես նաև՝ յուրացման եղանակով առերևույթ հափշտակել մանկապարտեզում հրամանագրված, սակայն փաստացի չաշխատող անձանց անվամբ փոխանցված, առանձնապես խոշոր չափի` 13.357.941 ՀՀ դրամ գումարը։

Իրականացված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների արդյունքում հայտնաբերվել են հանցավոր այլ դրսևորումներ ևս:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է նաև, որ մանկապարտեզի տնօրենը առերևույթ յուրացրել է ոչ միայն աշխատանքի չհաճախած, սակայն հրամանագրված անձանց անվամբ դուրս գրված առանձնապես խոշոր չափի գումարները, այլև՝ մանկապարտեզի սաների համար նախատեսված սննդի մի մասը՝ սկսած 2014 թվականից:

Քննության տվյալներով՝ մանկապարտեզի տնօրենը, 2001 թվականից  զբաղեցնելով «Լապտերիկ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն հանդիսացող մանկապարտեզի տնօրենի պաշտոնը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, նախնական համաձայնության գալով մի խումբ անձանց հետ, տևական ժամանակ` 2014թ. սկզբներից մինչև 2019թ. հունվարի 17-ն ընկած ժամանակահատվածում, յուրացման եղանակով հափշտակել է մանկապարտեզի սաներին հատկացված և իրեն վստահված սննդամթերքից:
Տնօրենը, աշխատատեղը պահպանելու պայմանով, մանկապարտեզի խոհարարից պահանջել է, որ մանկապարտեզ հաճախած երեխաների կերակրման համար նախատեսված ճաշացանկում ընդգրկված ճաշատեսակների պատրաստման համար նախատեսված և յուրաքանչյուր օր պահեստից բաց թողնվող սննդամթերքից, իրեն մասնաբաժին հատկացնելու համար, առանձնացնի որոշակի չափաբաժիններ։

Խոհարարը, աշխատանքը չկորցնելու մտավախությունից դրդված, կատարել է մանկապարտեզի տնօրենի պահանջը. ամեն օր, ճաշացանկից կախված, առանձնացրել է սննդամթերքը, երեխաների համար կերակուրները պատրաստել ոչ լիարժեք բաղադրիչներով, և անձամբ կամ իր օգնականի միջոցով սննդամթերքը տեղափոխել տնօրենի աշխատասենյակ:

Նախնական տվյալներով՝ աշխատասենյակում կուտակվող սննդամթերքը տնօրենի կողմից պարբերաբար տեղափոխվել է մանկապարտեզից և հափշտակվել։

2019թ. հունվարի 17-ին, օրենքով սահմանված կարգով իրականացված խուզարկության արդյունքում մանկապարտեզի տնօրենի աշխատասենյակից հայտնաբերվել և առգրավվել է 2019թ. հունվարի 15-17-ն ընկած ժամանակահատվածում խոհարարի օժանդակությամբ առանձնացված սննդամթերքը:

2019թ. հունվարի 21-ին մանկապարտեզի տնօրենը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հանցագործություն կատարելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ։

Քննության արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։