Google-ը 3 մլն դոլարի նվիրատություն է կատարել Wikipedia-ի զարգացման համար


17:20 , 23 հունվար, 2019

Google կորպորացիան ավելի քան 3 միլիոն դոլարի նվիրատվություն է կատարել Wikipedia («Վիկիպեդիա») ինտերնետ-հանրագիտարանի զարգացման համար: Այդ մասին հայտնել Է Google-ի բարեգործական հիմնադրամի նախագահ Ժակլին Ֆուլերը:

Ինչպես նշված է, 1.1 միլիոն դոլարը հանձնել են Wikimedia Foundation ոչ առևտրային կազմակերպությանը, որը պատկանում է առցանց-հանրագիտարանին: Google-ը ևս 2 միլիոն դոլար նվիրաբերել է Wikimedia-ի հատուկ կազմակերպված հիմնադրամին: Բացի դրամական նվիրատվություններից, Google-ը նաև պարտավորվել է ընդլայնել իր մասնակցությունն այն լեզուների թվի ավելացմանը նպատակամիտված նախաձեռնությանը, որոնցով մատչելի է Wikipedia-ն: Wikipedia առցանց-հանրագիտարանը գործարկվել է 2001 թվականին և այժմ մատչելի է ավելի քան 300 լեզուներով: Ընդամենն այն բովանդակում է 40 միլիոնից ավելի հոդված: Wikipedia-ի հիմնադիր Ջիմի Ուեյլսի խոսքով՝ ամբողջ աշխարհում մարդիկ ամսական Համացանցին միացված շուրջ 1.3 միլիարդ զանազան սարքեր են օգտագործում՝ այդ հանրագիտարանում զետեղված հոդվածները կարդալու համար, ըստ որում՝ դրա օգտատերերի միջին թիվն ամսական հասնում է շուրջ 500 միլիոնի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: