«Ես անգամ ավելի հանգիստ էի, երբ ինձ արդեն մոռանում էին». Արևիկ Գևորգյանը՝ ստեղագործական դադարի և նոր նախագծերի մասին


16:15 , 23 հունվար, 2019

Դերասանուհի Արևիկ Գևորգյանը տևական ժամանակ է՝ ստեղծագործական դադարում էր. ասում է՝ այն մարդը, ով զբաղվում է արվեստով, պետք է որոշակի դադար վերցնի, որպեսզի նոր եռանդով վերադառնա. «Ես հասկացա, որ այն ինձ պարզապես պետք է նոր Արևիկին գտնելու, նոր բացահայտումներ անելու համար»,- BlogNews.am-ի հետ զրույցում նշում է դերասանուհին, ում համար ասպարեզում չլինելն անգամ չի վախեցրել. «Ես նպատակ չունեմ անընդհատ լինելու ասպարեզում, որպեսզի ինձ հիշեն, ես պարզապես նպատակ ունեմ զբաղվելու նրանով, ինչ սիրում եմ և ինչից հաճույք եմ ստանում: Ես անգամ ավելի հանգիստ էի, երբ ինձ արդեն մոռանում էին, որովհետև մի պահ կար, որ պարզապես ուզում էի զրոյանալ»:

Հիմա դերասանուհու մոտ բուռն աշխատանքային ընթացք է. վերջերս նկարահանվել է Արման Նշանյանի «Կոմիտաս» ֆիլմում, որտեղ մարմնավորում էր թուրք աղջկա. «Ֆիլմից մանրամասներ չեմ կարող պատմել, բայց կարծում եմ՝ շատ գեղեցիկ սյուժե ունի: Հիմա բոլորս սպասում ենք, թե մոնտաժից հետո ինչ է ստացվելու: Այս ֆիլմը ներքին նվիրվածություն էր պահանջում, պետք է առավել շատ լիցքավորվեիր տվյալ ժամանակաշրջանով, ներքին այլ վիճակ էր պահանջում: Ես շատ էի լսում այդ ընթացքում Կոմիտասի երաժշտությունը, կարդում էի, տարբեր բաներ էի նայում: Նկարահանման ժամանակ Արմանն արգելում էր շփվել կազմի հետ, մենք հիմնականում ականջակալներով Կոմիտաս էինք լսում և շատ քիչ էինք շփվում իրար հետ: Այդ պրոցեսն ինձ շատ էր դուր գալիս, և Արմանի հետ հետաքրքիր էր աշխատելը»:

Հետաքրքիր է, որ Արևիկին հիմնականում լուրջ կերպարներ են առաջարկում։ Մեր վերջին զրույցի ժամանակ Արևիկը պատմում էր Ալեքսանդր Գերման կրտսերի «Դովլաթով» ֆիլմի մասին, որտեղ նկարահանվել էր. «Եթե անկեղծ լինենք, ինձ ավելի շատ լուրջ նախագծերում նկարահանվելու առաջարկներ են անում: Մի քանի տարի առաջ առաջարկեցին նկարահանվել կատակերգությում, բայց չհամաձայնվեցի, քանի որ դուրս չեկավ: Թատրոնում խաղում եմ կատակերգական դերեր, և այնպես չէ, որ ինձ համար դա խորթ է, և ես չեմ սիրում: Կարող եմ նաև շատ լուրջ մոտենալ կատակերգական դերին, որն, իհարկե, շատ-շատ լուրջ շերտեր է պարունակում: Ես բոլոր առաջարկների համար էլ բաց եմ»:

Դերասանուհին հիմա ընդգրկված է նաև մի քանի ներկայացումներում. «Տիկնիկային թատրոնում զբաղված եմ «Պատրանքներ» ներկայացմամբ, որն, իհարկե, նոր չէ։ Փոխարինում եմ դերասանուհու, ով հարգելի պատճառներով չի խաղում հիմա: Նույն թատրոնում ընդգրկված եմ «The best of Shakespeare» ներկայացման մեջ: Կա ևս մի ներկայացում, որի մասին դեռևս չեմ ցանկանում բարձրաձայնել»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի