Հայտնի է աշխարհում ամենաթանկ բրենդը


19:00 , 22 հունվար, 2019

Brand Finance խորհրդատվական ընկերությունը հրապարակել է աշխարհում ամենաթանկ բրենդների ամենամյա վարկանիշային աղյուսակը: Երկրորդ անգամ այն գլխավորում է Amazon ընկերությունը:

Այս բրենդի արժեքը գնահատվել է 187.9 միլիարդ դոլար. տարվա ընթացքում այդ ցուցանիշն աճել է գրեթե 25%-ով: Երկրորդ հորիզոնականում է հայտնվել Apple-ը: Ընկերության բրենդը գնահատվել է 153.6 միլիարդ դոլար՝ տարեկան ընդամենը 5% աճի ցուցանիշով:

Երրորդ տեղը 142.7 միլիարդ դոլար արժողությամբ զբաղեցրել է Google բրենդը, որը գրանցել է 18% աճ: Չորրորդ հորիզոնականում Microsoft-ն է: Նշվում է, որ տեխնոլոգիական գերհսկան 47% աճ է գրանցել՝ 81.1-ից մինչև 119.5 միլիարդ դոլար:

Լավագույն հնգյակը եզրափակում է Samsung ընկերությունը, որը տարվա ընթացքում կորցրել է 1%: Կորեական բրենդի արժեքը գնահատվում է 91.2 միլիարդ դոլար:

Brand Finance-ի վարկածով լավագույն բրենդ-մենեջեր է ճանաչվել Amazon-ի գլխավոր գործադիր տնօրեն Ջեֆ Բեզոսը: Միևնույն ժամանակ, նշվում է, որ գործարարի ամուսնալուծությունը կարող է վնասել ինչպես իր անձնական, այնպես էլ ընկերության բրենդին:

Ջեֆ և Մակենզի Բեզոսները 25 տարվա ամուսնությունից հետո՝ հունվարի 9-ին հայտարարել են ամուսնալուծության մասին: Նրանք նշել են, որ կպահպանեն ընկերային և գործընկերային հարաբերությունները և կհամագործակցեն տարբեր նախագծերում: