«Նիկոլը պետք է կերակրի թիմը, իսկ թիմը պետք է ապահովի նրա իշխանությունը». Ստեփան Դանիելյան


00:08 , 22 հունվար, 2019

Մարզպետների, նրանց տեղակալների, տեղակալների օգնականների, քարտուղարների, քարտուղարների օգնականների պարգևատրման հարցն ինձ հետաքրքրում է ոչ թե դրա օրինական, բարոյական կամ արդարացի լինելու, այլ այդ երևույթի խորքային իմաստի առումով:

Իշխող, նոր ձևավորվող խմբավորումը ժողովրդից ստացել է այն ամենը, ինչը հնարավոր էր ստանալ` վստահություն, իշխանություն և ձայներ: Այլևս ստանալու ոչինչ չունի, գոնե մոտակա 5 տարում (իրենց կարծիքով): Հիմա նրանք այլ խնդիր են լուծում: «Թիմն» իշխանության է եկել Նիկոլի ցուցակով և դրա համար պարտական է նրան, սակայն այլևս Նիկոլն է նրանց պարտական լինելու իշխանությունը 5 տարի պահելու համար: Նիկոլը համաժողովրդական ընտրությամբ ընտրված նախագահ չէ, ընդամենը վարչապետ է, և ցանկացած պահի կարող է այդ աթոռը կորցնել: Կորցնելով ժողովրդի վստահությունը՝ նա մնում է խորհրդարանի կոճակների հույսին, և այդ ժամանակ ամեն մի կոճակ իրեն իրական իշխանություն կզգա, և քանի որ գործող իշխանությունն ապագաղափարական և ապաքաղաքական է, ապա նրանց պետք է մի բան միավորի, և այդ միավորող բանն անձնական շահն է: Կոճակներից բացի՝ Նիկոլը փոխկապակցված է կառավարության ապարատի հետ, որը կարող է իրեն աջակցել, կարող է և սաբոտաժի ենթարկել, ինչը պատահեց Սերժ Սարգսյանի հետ: Այդ դասը Նիկոլը լավ գիտի:

Աղքատ երկրում այդ շահը մյուսների շահին հակասում է և մյուսների հաշվին է. ռեսուրսները սահմանափակ են: Մյուսները լայն զանգվածներն են:

Նիկոլը պետք է կերակրի թիմը, իսկ թիմը պետք է ապահովի նրա իշխանությունը: Սա է այդ պարգևավճարների իմաստը, և դա ընդամենն առաջին ծիծեռնակն է: