«Լապտերիկ» մանկապարտեզի տնօրենը ձերբակալվել է խոշոր չափերի չարաշահումների կասկածանքով


17:00 , 21 հունվար, 2019

Armenpress.am-ը գրում է.

Երևան քաղաքի «Լապտերիկ» մանկապարտեզում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

«Արմենպրես»-ի հաղորմամբ` այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Գործն ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի վարույթ: Մանկապարտեզի տնօրենը ձերբակալվել է 2019 թ-ի հունվարի 21-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` հանցագործություն կատարելու կասկածանքով։

ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում տեղեկություններ են ստացվել առ այն, որ Երևան քաղաքի «Լապտերիկ» մանկապարտեզի տնօրենը 2015թ. մայիսից մինչև 2018թ. հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում տարբեր հաստիքներում աշխատանքի է ընդունել իր ծանոթներին և մտերիմներին, ովքեր փաստացի աշխատանքի չեն հաճախել, իսկ նրանց անվամբ դուրս գրված առանձնապես խոշոր չափերի՝ 3 711 256 ՀՀ դրամ աշխատավարձի գումարները յուրացվել են:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում 2018թ. նոյեմբերի 3-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որը 2018թ. նոյեմբերի 12-ին ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի վարույթ: Նախնական քննության տվյալներով՝ համայնքային միջոցները հափշտակելու դիտավորությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, մանկապարտեզի տնօրենն իր ազգականներին և ծանոթներին՝ թվով 9 անձի, մանկապարտեզի տարբեր հաստիքներին հրամանագրելու և վերջիններիս կողմից փաստացի չաշխատելու պայմաններում, անձամբ ստացել է նրանց անվամբ բացված բանկային հաշիվներին փոխանցված և բանկային քարտերով կանխիկացված ամենամսյա աշխատավարձի տեսքով առանձնապես խոշոր չափի դրամական միջոցներն ու հափշտակել դրանք։

Նախնական քննության տվյալներով՝ մանկապարտեզի տնօրենը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2014թ. սկզբներից մինչև 2019թ. հունվարի 17-ն ընկած ժամանակահատվածում առերևույթ յուրացրել է իրեն վստահված, մանկապարտեզի երեխաների բաժին հանդիսացող, դեռևս չհաշվարկված արժեքի սննդի մի մասը, ինչպես նաև՝ յուրացման եղանակով առերևույթ հափշտակել մանկապարտեզում հրամանագրված, սակայն փաստացի չաշխատող անձանց անվամբ փոխանցված, առանձնապես խոշոր չափի` 13.357.941 ՀՀ դրամ գումարը։ Իրականացված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների արդյունքում հայտնաբերվել են հանցավոր այլ դրսևորումներ ևս: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է նաև, որ մանկապարտեզի տնօրենը առերևույթ յուրացրել է ոչ միայն աշխատանքի չհաճախած, սակայն հրամանագրված անձանց անվամբ դուրս գրված առանձնապես խոշոր չափի գումարները, այլև՝ մանկապարտեզի սաների համար նախատեսված սննդի մի մասը՝ սկսած 2014 թվականից:

Քննության տվյալներով՝ մանկապարտեզի տնօրենը, 2001 թվականից զբաղեցնելով «Լապտերիկ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն հանդիսացող մանկապարտեզի տնօրենի պաշտոնը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, նախնական համաձայնության գալով մի խումբ անձանց հետ, տևական ժամանակ` 2014թ. սկզբներից մինչև 2019թ. հունվարի 17-ն ընկած ժամանակահատվածում, յուրացման եղանակով հափշտակել է մանկապարտեզի սաներին հատկացված և իրեն վստահված սննդամթերքից: Տնօրենը, աշխատատեղը պահպանելու պայմանով, մանկապարտեզի խոհարարից պահանջել է, որ մանկապարտեզ հաճախած երեխաների կերակրման համար նախատեսված ճաշացանկում ընդգրկված ճաշատեսակների պատրաստման համար նախատեսված և յուրաքանչյուր օր պահեստից բաց թողնվող սննդամթերքից, իրեն մասնաբաժին հատկացնելու համար, առանձնացնի որոշակի չափաբաժիններ։

Խոհարարը, աշխատանքը չկորցնելու մտավախությունից դրդված, կատարել է մանկապարտեզի տնօրենի պահանջը. ամեն օր, ճաշացանկից կախված, առանձնացրել է սննդամթերքը, երեխաների համար կերակուրները պատրաստել ոչ լիարժեք բաղադրիչներով, և անձամբ կամ իր օգնականի միջոցով սննդամթերքը տեղափոխել տնօրենի աշխատասենյակ:

Նախնական տվյալներով՝ աշխատասենյակում կուտակվող սննդամթերքը տնօրենի կողմից պարբերաբար տեղափոխվել է մանկապարտեզից և հափշտակվել։ 2019թ. հունվարի 17-ին, օրենքով սահմանված կարգով իրականացված խուզարկության արդյունքում մանկապարտեզի տնօրենի աշխատասենյակից հայտնաբերվել և առգրավվել է 2019թ. հունվարի 15-17-ն ընկած ժամանակահատվածում խոհարարի օժանդակությամբ առանձնացված սննդամթերքը: Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ։ Քննության արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին կտրվեն լրացուցիչ տեղեկություններ։