«Կապուտիկյան ցիտելը պարզապես անհաջող փորձ է մարդկանց շեղելու այն փաստից, որ դու մերկ ես, դատարկ ու սպառված». Արթուր Դանիելյան


11:12 , 21 հունվար, 2019

Մշակույթը լավ բան է, իսկ լավ մշակույթն էլ՝ ավելի լավ բան: Իրականում մշակույթը կյանքի իմաստն է, համենայն դեպս, այն մարդկանց համար, ովքեր, նյութական պահանջներից զատ, այլ պահանջ էլ ունեն այս կյանքում: Վերջիվերջո, երբ մտածում ես, թե որն է ամենաարժեքավոր բանը, որ կարող ես տալ երեխաներիդ, հասկանում ես, որ դա մշակույթն է, մի ոչ նյութական բան, որ միայն դու կարող ես փոխանցել երեխայիդ՝ կապելով քո պապերի հետ:

Սիլվա Կապուտիկյանի ֆանատ չեմ, ու նա, իհարկե, երբեք Չարենց չի դառնա, ուր մնաց՝ համաշխարհային մեծություն համարվի: Այնուամենայնիվ, մշակույթի մի փոքրիկ մասնիկ է։ Իր ժառանգություն կոչեցյալի պահպանելն էլ կարելի է վեհ նպատակ համարել: Իմ համար, սակայն, անհասկանալի է՝ ո՞նց կարա մարդ ուզենա պահպանել մշակույթը, բայց չմտածի այդ մշակույթը կրողների մասին: Ես չեմ հասկանում՝ ո՞նց կարա լիֆտում թշնամուց հրադադար մուրացող կարճատես մարդը մտածի մշակույթի մասին: Ո՞նց կարա Բաքվի ջարդերը հիշատակելու վրա արգելք դրած մարդը մտածի մշակույթի մասին: Չեմ հասկանում՝ ո՞նց կարա օտարների ներգաղթը բարձիթողի վիճակում հանդուրժող մարդը մտածի մշակույթի մասին: Չեմ հասկանում՝ ո՞նց կարա մարդակերներին (խոսքը միայն Ենոքյանի մասին չէ) բանտերից ազատող մարդը մտածի մշակույթի մասին: Չեմ հասկանում՝ ո՞նց կարա սեփական իշխանությունը երկարացնելու նպատակով բոլոր պետական հաստատությունները սնանկացնող մարդը մտածի մշակույթի մասին: Վերջիվերջո, ո՞նց կարա Հրագի քարոզիչը մտածի մշակույթի մասին:

Չէ, Կապուտիկյան ցիտելը մշակույթով մտահոգվելու նշան չէ, դա պարզապես անհաջող փորձ է մարդկանց շեղելու այն փաստից, որ դու մերկ ես, դատարկ ու սպառված... Դա աղբը, տրանսպորտը, գնաճը, թալանն ու բարդակը մոռացության մատնելու անհաջող փորձ է...