Գյուղատնտեսության ոլորտը պետական միջամտության շատ մեծ կարիք ունի ու շատ մեծ պոտենցիալ


11:34 , 19 հունվար, 2019

Վարչապետի պատասխանից, որ կնշանակվի նախարարների 2/3-ը, իսկ 1/3֊ը կնշանակվի կառավարության կազմի նոր փոփոխություններից հետո, արդեն հասկանալի է, որ գյուղատնտեսությունն էլ է մտնելու 1/3-ի մեջ։ Մի լավ խոսք կա, որ գյուղատնտեսական մեկ օրը կարող է մեկ տարի կերակրել։ Հիմա այս ոլորտի կառավարման կառուցվածքային փոփոխության ցանկացած ուշացած օր կարող է լուրջ բացասական հետևանքներ թողնել նույնիսկ երկարաժամկետ կտրվածքով։ 

Դեռ անցյալ տարի, կարդալով կառավարության կազմած գյուղատնտեսության զարգացման ծրագիրը, իմ մտահոգությունը հայտնեցի, որ չի կարելի նման կերպ վերաբերվել այս շատ զգայուն ոլորտին։ Օգոստոսից տարբեր խողովակներով հասկացրի, որ սխալ ուղով է ընթանում։ Արդյունքում, ծրագրում ասած «գյուղատնտեսական հեղափոխական» առաջընթացի փոխարեն ունեցանք 8,5% անկում։ Երկրի ՀՆԱ-ի 25-30%-ն ապահովող ոլորտի համար սա շատ լուրջ ձախողում էր։ 

Ես չեմ ուզում՝ այս ոլորտը ձախողվի, այս ոլորտը պետական միջամտության շատ մեծ կարիք ունի ու շատ մեծ պոտենցիալ։ Այս ոլորտում կան անհատներ՝ տնտեսվարողներ, մասնագետներ, որ կարող են սարեր շուռ տալ, որոնք երբեք պետությունից ու կառավարությունից ոչինչ չեն խնդրել՝ ո՛չ պաշտոն, ո՛չ գումար։ Ես առաջարկում եմ կառավարությանը՝ ի դեմս վարչապետի, նախքան կառուցվածքային փոփոխություն անելը հանդիպի, քննարկի այս մարդկանց հետ, լսի նրանց տեսակետները և առաջարկները։ Մենք ունենք այդ նախադեպը, ու դա պետք է անել շատ արագ, թե չէ մի տարի էլ կկորցնենք։ Կրկնում եմ՝ այս ոլորտում գիտակ, եղանակ փոխող մարդիկ շատ չեն, մաքսիմում 30 հոգի, որոնք այնքան արժեքավոր իդեաներ ու խորհուրդներ կտան, որոնք օգտագործելիս դրական առումով լուրջ բեկում կմտցնի տնտեսության մեջ։ 

Հարգանքով՝ Մնացականյան Հարություն