Երկրի շուրջը տիեզերական աղբի ծավալն ավելի քան 7 հազար տոննա է


21:15 , 18 հունվար, 2019

ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Չինաստանն առաջատարներն են Երկրի շուրջ տարածությունը տիեզերական աղբով աղտոտման չափերով: Այս մասին ասվում է Մոսկվայի Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարանի աշխատակիցների հոդվածում:

«Ուղեծրում աղբի զանգվածը (2017-ին այդ զանգվածը կազմել է շուրջ 7.2 հազար տոննա) շարունակում է աճել. վերջին երեք տարում այն աճել է տարեկան մոտավորապես 100 տոննայով կամ շուրջ 2 տոկոսով»,- գրում են գիտնականները:

«Տիեզերական աղբի քանակով առաջատարն ԱՄՆ-ն է, երկրորդ տեղում է Ռուսաստանը, իսկ երրորդում՝ Չինաստանը: Այս երկրներին է բաժին ընկնում տիեզերական աղբի 93 տոկոսը: Տարեկան դրա ընդհանուր ծավալը մեծանում է չորս տոկոսով»,- ասվում է հոդվածում:

Ամենից շատ տիեզերական աղբ է գոյանում ուղեծրային սարքերի քայքայման և բախման պատճառով: Բացի այդ, ուղեծիրն աղտոտում են հրթիռ կրիչների՝ օգտագործելուց հետո անպիտան աստիճանները եւ թափառքի բլոկները, արդեն չգործող արբանյակները, արձակման ժամանակ պոկված բեկորները:

«2017-ի տվյալներով՝ երկրի շուրջ ուղեծրում է գտնվում 10 սանտիմետրից ավելի մեծ չափի շուրջ 18 հազար օբյեկտ»,- նշվում է փաստաթղթում:

Փորձագետները նախազգուշացնում են, որ տիեզերական աղբի հետ բախումները կարող են վտանգավոր հետեւանքների հանգեցնել: