«Դատարանը բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին կալանավորելու որոշում է կայացրել». պաշտպան


15:23 , 18 հունվար, 2019

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել բավարարել ՀՔԾ-ի միջնորդությունը և կալանավորել բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց Արամ Հարությունյանի պաշտպան Կարեն Հակոբյանը:

Նա նշեց, որ նոր են ստացել որոշումը և դեռ պետք է ծանոթանան: «Բնականաբար, բողոքարկելու ենք»,- հայտնեց նա

Հիշեցնենք, որ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Արամ Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, հանդիսանալով ՀՀ գործադիր իշխանության ղեկավար աշխատող, իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանց օժանդակությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել, ապա օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը: 

Ըստ մեղադրանքի՝ Արամ Հարությունյանը, 2007թ. հունիսի 8-ից զբաղեցնելով ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը, միաժամանակ հանդիսանալով ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոներ պարունակող ընդերքի տեղամասերի նկատմամբ հանքային իրավունքի ձևավորման միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի նախագահ, գործարար Ս. Հ.-ին հանքերևակումների ուսումնասիրության 10 հատուկ լիցենզիաներ տրամադրելու գործընթացն իրականացնելու, հետագայում ուսումնասիրության ժամկետները երկարացնելու և հանքերի շահագործման թույլտվություն ստանալու հարցը նրա օգտին լուծելուն նպաստելու համար գործարարից պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 4.2 մլրդ ՀՀ դրամին համարժեք 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք: