Արցախյան հակամարտության շուրջ զարգացումներն ինտենսիվանում են


12:19 , 17 հունվար, 2019

Հայաստանում ներքաղաքական զարգացումների տրամաբանական ավարտից հետո տարվա սկզբից բոլորն ակտիվացում են ակնկալում արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում։ Երեկ տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ։ Հանդիպումը պլանավորված էր դեռևս անցյալ տարի, նպատակը Փաշինյան-Ալիև հանիպում կազմակերպելն էր։

Մի քանի դիտարկում կարելի է անել առկա զարգացումների վերաբերյալ․

1․ Հստակ պայմանավորվել հանդիպման մասին չի հաջողվել։ Հայտարարությունից բխում է, որ դրա համար դեռ քայլեր պետք է արվեն, այդ թվում՝ համանախագահներն այցելեն տարածաշրջան։ Եվ երկրորդ՝ ակնկալվում է, որ հանդիպումը պետք է ուժեղ խթան դառնա հետագա բանակցությունների համար։

2․ Նախարարների շփումները միմյանց դիրքորոշումներին ծանոթանալուց աստիճանաբար անցնում են բովանդակային հարցերի։

3․ Վստահության կառուցման միջոցառումներից զատ՝ միջնորդները կրկին օրակարգ են բերում սեփական հասարակություններին խաղաղության պատրաստելու անհրաժեշտությունը։ Սա ենթադրում է իշխանությունների հռետորաբանության փոփոխություն։

4․ Կառուցողական մթնոլորտի կառուցման հարցում նոր բաղադրիչ է առաջ քաշվում՝ քայլեր ձեռնարկելը, որ տարածաշրջանի տնտեսական պոտենցիալը լիարժեք օգտագործվի։ Կարևոր է, թե ինչ նախագծեր կհայտնվեն այս ձևակերպման տակ։ Հայաստանի կողմից սա կարող է օգտագործվել Հայաստանի և Արցախի տնտեսական շրջափակումը թուլացնելու համար։

5․ Եվ վերջինը՝ ուշագրավ և մտահոգիչ է, որ, չնայած տարվա սկզբին Ալիևի կողմից հնչած ռազմատենչ և, մեղմ ասած, ոչ բարեկամական հայտարարությունների ֆոնին, նախօրեին ՌԴ ԱԳ նախարարը հայտարարեց, թե բարձր է գնահատում Ադրբեջանի կառուցողական կեցվածքը և Հայաստանից նույնն է ակնկալում։ Սա նշանակում է, որ Հայաստանի վրա ճնշումները կարող են աճել, և անհրաժեշտություն կա ավելի արդյունավետ աշխատելու միջնորդների հետ։

Ողջունելի է ընդհանուր գործընթացի շուրջ առկա լավատեսությունը՝ թե՛ կողմերի, թե՛ միջնորդների մոտ։ Սակայն օբյեկտիվ հիմքերի բացակայության պայմաններում այդ լավատեսությունը կարող է նաև մարտահրավերներ պարունակել։