Ազգային ժողովի «իրանական» մոտիվները


00:47 , 17 հունվար, 2019

7-րդ գումարման նորընտիր ԱԺ-ն իր աշխատանքները սկսելուց ի վեր մի քանի սկանդալային պատմություններում է հայտնվել։

ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի շուրջ որոշ պատգամավորների կողմից Թումանյանի «Կիկոսի մահը» հեքիաթի մոտիվները կիրառելուց, «Իմ դեսպանը քո դեսպանից լավն է» տրագիկոմեդիան ներկայացնելուց հետո իշխանական պատգամավորներից մեկն էլ որոշել էր «Ո՞վ է ավելի ժողովրդավար Հարավկովկասյան տարածաշրջանում» թեմայով ինչ-որ տկարամիտ դասախոսություն կարդալ, որի ժամանակ մեր հարավային հարևան Իրանին անվանել էր ավտորիտար երկիր։ Այդ անզգույշ արտահայտությունը կարող է իր բացասական հետևանքներն ունենալ հայ-իրանական հարաբերությունների վրա։ Դրա պատճառն այն է, որ Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներից ոմանք չեն հասկանում, որ իրենք իշխանություն են և իրավունք չունեն հայտարարելու այն, ինչ ցանկանում են կամ մտածում, քանի որ դա հատկապես դրսում ընկալվում է որպես պաշտոնական Երևանի կարծիք՝ իր բոլոր հետևանքներով։  ԱԺ-ում իշխանական խմբակցության պատգամավորների շուրթերից հնչած հակաիրանական մոտիվները ոչ միայն շատ տարօրինակ էին, այլև բավական վտանգավոր։

Հետաքրքիր է, իսկ միջազգային հանրության կողմից Հայաստանը որպես տարածաշրջանային առաջատար ժողովրդավար երկիր ընկալվելու մասին մտածող երեսփոխան Կոնջորյանը չգիտի՞, որ այդ նույն միջազգային հանրությունը տարրական թքած կունենա ժողովրդավար Հայաստանի վրա, ինչպես դա արեց 2016 թ․-ի ապրիլյան կարճատև պատերազմի ժամանակ, երբ նույնիսկ ոչ ժողովրդավար Սերժ Սարգսյանն ուղղակի հրեշտակ էր դիտվում ֆաշիստ Ալիևի կողքին, եթե մեր երկիրը չհզորանա։ Իսկ հաշվի առնելով մեր հարևանությունը Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ մեզ բացարձակ ձեռնտու չէ ինչ-որ բուտաֆորիա նպատակների համար անզգույշ արտահայտություններ թույլ տալ շիա Իրանի նկատմամբ՝ մի երկրի, որին պաշտոնական Բաքուն մինչև հիմա բացահայտ մեղադրում է հայամետ քաղաքականություն վարելու մեջ։ Պետք չէ մոռանալ Արցախյան գոյամարտի տարիներին Իրանի զուսպ դիրքորոշման, Անկարա-Բաքու տանդեմի Հայաստանի շրջափակման քաղաքականությանը Թեհրանի դիրքորոշման մասին, որն ուղղակի կատաղեցնում է թուրքերին։ Սա ընդամենը երկու օրինակ է։

Ու հիմա, մեր բազում խնդիրները թողած, իշխանամետ կուսակցության ներկայացուցիչը ՀՀ ԱԺ-ում Իրանի ավտորիտար լինելու մասին է բարձրաձայնում։

Հարգելիներս, Թավշյա հեղափոխությունից հետո մեր արտաքին քաղաքականության ոլորտում մենք մեր իսկ ձեռքերով ստեղծել ենք բազում խնդիրներ, ու շատ մեծ շռայլություն կլինի Երևանի համար փչացնել հարաբերությունները Թեհրանի հետ։

Ի դեպ, պարոն Կոնջորյանին խորհուրդ կտամ «ժողովրդավարասեր» միջազգային հանրությունից մի հատ հարցնի, թե ինչո՞ւ չեն խզում կապերը հյուպատոսարանի տարածքում լրագրող մորթող Սաուդյան Արաբիայի ռեժիմի հետ։ Ավելին՝ մարդասպանին մեծ ուրախությամբ ընդունում են Վաշինգտոնում, Լոնդոնում, Բեռլինում, Փարիզում և այլ «ժողովրդավարասեր» մայրաքաղաքներում, քանի որ այդ մայրաքաղաքներում հարգում են ուժը և հզորությունը։

ՀԳ. ԱԺ-ում ինչ-որ բան խոսելուց առաջ հատկապես իշխանամետ երեսխոփաններին խորհուրդ կտամ լավ ուսումնասիրել թեման և նոր բարձրաձայնել ու չդառնալ սկանդալների պատճառ, որոնք կարող են վնասել հենց Հայաստանին։ Իշխանությունը նաև պատասխանատվություն է։