«Պարոնայք նորընտիր պատգամավորներ, նախ և առաջ սովորեք եղածը պահպանել և հնարավորության դեպքում՝ նաև զարգացնել». Արտակ Զաքարյան


14:55 , 16 հունվար, 2019

Խորհրդարանն այսօր քննարկում և առաջարկում էր տարբեր երկրներում ՀՀ դեսպանների նշանակումից հետո, դեսպանընկալ երկիր մեկնելուց առաջ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով հրավիրելու և տվյալ երկրի հետ առկա հարաբերությունները քննարկելու համար: Ի գիտություն նորընծա պատգամավորների՝ ասեմ, որ, ինչպես իրենք են ասում, «Հին Հայաստանում» այդ պրակտիկան կիրառվում էր և ավանդույթի ուժ էր ստացել: Նախկինում բազմաթիվ նորամուծություններ են իրականացվել, և պատգամավոր Մարուքյանը դրանցից որոշների մասին խոսեց իր ելույթում:

Էդմոն Մարուքյանը, Շիրակ Թորոսյանը, Վահե Էնֆիաջյանը նախկինում էլ ներգրավված են եղել հանձնաժողովի աշխատանքներում և այդ առումով ինստիտուցիոնալ հիշողության կրողներ են: Կարծում եմ՝ բացառապես ռոմանտիզմով օծված մեր երիտասարդներին մատնացույց կանեն խորհրդարանական դիվանագիտության նրբությունների, բարդությունների, շահերի և դրանց դրսևորումների մասին: Իսկ երբ բախվեն առաջին իսկ դժվարություններին, հուսով եմ՝ կհասկանան, որ խոսելով երկիր չես զարգացնի, աշխատել է պետք, և որ խորհրդարանական դիվանագիտությունն էլ է լռություն սիրում:

Արտաքին հարաբերությունների նախկին հանձնաժողովների և բարեկամական խմբերի շնորհիվ, ինչպես նաև դեսպանների աջակցությամբ խորհրդարանական սերտ ու գործնական երկկողմ հարաբերություններ էին ձևավորվել Ռուսաստանի, Վրաստանի, Իսրայելի, Ֆրանսիայի, Չինաստանի, Գերմանիայի, Չեխիայի, Սլովակիայի, Լիտվայի, Լատվիայի, ԱՄՆ-ի, Բելգիայի, Լիբանանի, Ռումինիայի, Իսպանիայի, Մեքսիկայի, Հունաստանի, Կիպրոսի, Ուկրաինայի, Մոլդովայի, Ղազախստանի, Բելառուսի, Շվեյցարիայի, Իտալիայի, Կանադայի, Լեհաստանի, Բուլղարիայի, Շվեդիայի, Նիդերլանդների, Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Հնդկաստանի խորհրդարանների հետ:

Ձևավորված գործընկերության շնորհիվ հնարավոր է եղել Եվրոպական խորհրդարանում, ԵԽԽՎ-ում, ԵԱՀԿ ԽՎ-ում, ՍԾՏՀ ԽՎ-ում, Եվրանեսթ ԽՎ-ում, ԱՊՀ ԽՎ-ում, ՀԱՊԿ ԽՎ-ում հետևողականորեն պաշտպանել հայկական շահերն ու իրականացնել նաև նախաձեռնողական քաղաքականության: Երկկողմ ձևաչափերում կասեցվել կամ բացառվել են ադրբեջանական նախաձեռնություններն այս կամ այն խորհրդարանում հակահայկական բանաձևերի ընդունման նպատակով: Այդ հարաբերությունները խթանել են ՀՀ անվտանգության ապահովմանը, արցախյան հիմնախնդրի պատշաճ ներկայացմանը (նախորդ տարիներին տասնյակ խորհրդարանականներ են այցելել Արցախ), տարածաշրջանային ինտեգրմանը, տնտեսական հետաքրքրությունների ձևավորմանը, ՀՀ-ԵՄ համաձայնագրի առաջ մղմանը, Ցեղասպանության 100-ամյակի միջազգայնացմանը, համապատասխան հայտարարությունների ընդունմանը, տվյալ երկրի խորհրդարաններում քաղաքական նպաստավոր միջավայրի ձևավորմանը, հայկական մշակութային ժառանգության հետ կապված խնդիրների վերհանմանը, երկկողմ միջպետական հարաբերությունների զարգացմանը և այլն:

Պարոնայք նորընտիր պատգամավորներ, Ձեզանից առաջ էլ է կյանք եղել, ձեզանից հետո էլ է լինելու: Նախ և առաջ՝ սովորեք եղածը պահպանել և հնարավորության դեպքում՝ նաև զարգացնել: Հավատացեք, դա շատ կարևոր է:

Հաջողություն եմ մաղթում ՀՀ ԱԺ նոր կազմավորվող արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովին, բարեկամական խմբերին ու խորհրդարանական պատվիրակություններին: Պատրաստ եմ աջակցել՝ ըստ անհրաժեշտության: