Վիճաբանություն ԱԺ-ում. նախկին դեսպանների վերաբերյալ ԼՀԿ պատգամավորի հայտարարությունը ԲՀԿ քարտուղարը որակեց որպես ադրբեջանական թեզ (Video)


10:54 , 16 հունվար, 2019

ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցի քննարկմանը «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթն իր և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների միջև բուռն վեճի առիթ դարձավ: 

Արման Բաբաջանյանն իր ելույթի խոսքում անդրադարձավ այն հարցին, որ տարիներ ի վեր ՀՀ դեսպաններ են նշանակվել քրեական անցյալ ունեցող անձինք: «Ամենախնդրահարույցը եղել է Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը, ով, ըստ ուկրաինացի դիվանագետների, տարիներ ի վեր զբաղված է եղել Հայաստանի դեսպանատան անվամբ դիվանագիտական պետհամարանիշներ ստանալով և տեղի հայ քրեականներին վաճառելով կամ նվիրաբերելով:

Այդ նույն անձը զբաղված է եղել Ուկրաինայում ավելի շատ Ռուսաստանի, այլ ոչ թե Հայաստանի շահերն առաջ տանելով, այն ժամանակ մտերիմ հարաբերությունների մեջ է եղել այդ երկրում ՌԴ դեսպանի հետ, նրա հետ զբաղվել նկարների առքուվաճառքով: Դրա պատճառով է, որ Մայդանի դեպքերից հետո հայ-ուկրաինական հարաբերությունները հասել են ողբերգական մակարդակի»,- ասաց նա: Նա մի քանի այլ դեսպանների ոչ հայանպաստ գործունեությանը ևս անդրադարձավ:

Բաբաջանյանի ելույթից հետո ԱԺ ամբիոնին մոտեցավ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը, ով հիշեցրեց, որ 3 տարի աշխատել է որպես Անդրանիկ Մանուկյանի խորհրդական և Բաբաջանյանին մեղադրեց ադրբեջանական թեզեր առաջ տանելու համար:

«Այն թեզերը, որոնց մասին խոսում եք, ներդրվել են հայկական ինֆորմացիոն դաշտ հիմնականում ադրբեջանական կողմից, ի՞նչն է ձեզ ստիպում այստեղ՝ այս ամբիոնից, նեոադրբեջանական թեզեր առաջ տանել: Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ այստեղ բոլոր արտահայտությունները, որոնք եղան ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի հասցեին, բացահայտ սուտ էին և հիմնականում արտացոլում էին ադրբեջանական տեսակետը»,- ասաց նա:

Արման Աբովյանը նշեց, որ ինքը չէր սպասում, և հետաքրքիր էր, թե ինչն է Բաբաջանյանին ստիպել այսօր նման հայտարարություն անել: «Ո՞ւմ ջրաղացին եք ջուր չլցնում, չհասկացա»,- ասաց նա:

Արման Աբովյանը նշեց, որ Մայդանի օրերին, երբ զանգվածային զոհեր են եղել, հենց դեսպանի շնորհիվ է, որ հայկական համայնքը խուսափել է զանգվածային զոհերից: Նա մի քանի այլ տվյալներ էլ ներկայացրեց՝ նշելով, որ ամեն ինչ չէ, որ կարող է այս ամբիոնից ասել:

«Չի եղել մի օր, որ պարոն Մանուկյանը ոչ մի վայրկյան չծառայի իր հայրենիքին: Դուք քրեածին բառն օգտագործեցիք, դա ևս պրոպագանդայի էլեմենտ է։ Ես թույլ չեմ տա այն մարդկանց մասին, ովքեր իրենց կյանքը զոհաբերել են մեր ժողովրդի համար, այս ամբիոնից սուտ տեղեկություն հնչի: Կարող եմ բազմաթիվ օրինակներ բերել: Ինչի՞ մասին է խոսքը գնում, որ վատացե՞լ են հարաբերությունները ՀՀ-ի հետ, ի՞նչն է ստիպում զրպարտել, շարունակական զրպարտությամբ զբաղվել»,- հայտարարեց ԲՀԿ պատգամավորը:

Արման Բաբաջանյանը տեղից արձագանքեց, թե ինչ էր ասում, լսելի չէր, բայց բուռն վեճի պատճառ դարձավ: Լսելի էր ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարությունը, թե «կարո՞ղ է հին Հայաստանում ենք»:
ԲՀԿ-ական պատգամավոր Հրանտ Մադաթյանն օգնության հասավ և իր տեղից փորձում էր ընդհարման գնալ իրեն մոտեցած Մարուքյանի հետ: Մադաթյանը գոռգոռում էր, թե նման հայտարարություն անելուց առաջ արդյո՞ք հարցրել է հայ համայնքից, թե ինչպիսին էր դեսպանը:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը միջամտեց. «Եթե նման հարաբերություններ պարզելու կարիք կա, դահլիճից դուրս զբաղվեք»:

Արման Աբովյանը փորձեց ելույթն ավարտել և խորհուրդ տվեց հակահայկական թեզերի ներմուծմամբ չզբաղվել:
Լսելի էր տեղից «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջամտությունը: Աբովյանը խնդրում էր իրեն չընդհատել և թույլ տալ խոսել:

ԱԺ նախագահն իր կուսակցին հորդորեց լռել. «ԱԺ պատգամավորն այս ամբիոնից իրավունք ունի խոսելու, ինչի մասին ցանկանում է»։

«Իրավասու չեմ ամեն բան ասել, բայց կարող եմ ԼՀԿ-ին երկու փաստ բերել, որ, ուղղակի իր կյանքը վտանգելով, Անդրանիկ Մանուկյանը պաշտպանում էր հայ ազգի և հայ ժողովրդի շահերը։ Պատասխանատու եմ իմ ասած ամեն բառի համար»,- եզրափակեց նա: