ԱԺ նիստը՝ ուղիղ


10:36 , 16 հունվար, 2019

7-րդ գումարման Ազգային ժողովը շարունակում է աշխատանքները: Խորհրդարանը կշարունակի քննարկել ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը:

Նիստը մեկնարկել է Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ղեկավարելու համար առաջադրված Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը ներկայացնելուց:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովն արդեն իսկ հաստատել է ԱԺ մշտական հանձնաժողովների քանակը: Ազգային ժողովի 11 մշտական հանձնաժողովներից 8-ը նախագահելու է «Իմ քայլը» խմբակցությունը, 2-ը՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը և 1 հանձնաժողով էլ՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: 

Խմբակցությունների կողմից առաջադրված թեկնածուներին ներկայացնելուց հետո խորհրդարանը գաղտնի քվեարկությամբ կընտրի մշտական հանձնաժողովների նախագահներին:  

Ներկայացնենք, թե որ հանձնաժողովի համար ում թեկնածությունն են առաջարկում խմբակցությունները: «Իմ քայլը» խմբակցությունը Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի համար առաջարկում է Նարեկ Զեյնալյանի թեկնածությունը, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի համար առաջադրում են Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը, Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի հանձնաժողովի համար՝ Մխիթար Հայրապետյանի թեկնածությունը, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի համար՝ Արման Եղոյանի թեկնածությունը, Պետաիրավական հարցերի հանձնաժողովի համար՝ Վլադիմիր Վարդանյանի, Պաշտպանության, ներքին գործերի և ԱԱ հանձնաժողովի համար՝ Անդրանիկ Քոչարյանի, Գյուղատնտեսության և բնապահպանության հանձնաժողովի համար՝ Վարազդատ Կարապետյանի և Տնտեսական հարցերի հանձնաժողովի համար՝ Բաբկեն Թունյանի թեկնածությունները:

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի համար «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջադրել է Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը, իսկ Տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հանձնաժողովի համար՝ Միքայել Մելքումյանի թեկնածությունը:

Ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջադրել է Մանե Թանդիլյանի թեկնածությունը:

Նշենք, որ օրակարգում ընդգրկված են նաև «Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ» օրենքի նախագիծը, ինչպես նաև Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին հարցը: