20:50 , 14 հունվար, 2019
Artsakhpress.am-ը գրում է.
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիթորինգի հանձնաժողովը ձմեռային նստաշրջանի ընթացքում քննարկելու է նաև Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցը:
Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:
ԵԽԽՎ-ում Ադրբեջանի հարցերով համազեկուցող Ստեֆան Շեննաքի փոխանցմամբ՝ ադրբեջանցի քաղբանտարկյալ բլոգեր Մեհման Հուսեյնովի և մյուսների վերաբերյալ քննարկումը տեղի կունենա հինգշաբթի օրը:
Կոռուպցիոն բացահայտումներ իրականացնող ընդդիմադիր ակտիվիստ և բլոգեր Մեհման Հուսեյնովը դեկտեմբերի 26-ին բանտում հացադուլ է սկսել:
Հացադուլի պատճառ է հանդիսացել նրա դեմ հարուցված նոր շինծու քրեական գործը: Հուսեյնովը մեղադրվում է քննչական մեկուսարանի հսկիչներից մեկին ծեծելու մեջ, սակայն ինքը պնդում է, որ այդ մեղադրանքն ամբողջությամբ կեղծ է:
Ադրբեջանցի 9 քաղբանտարկյալներ հացադուլ են սկսել և իրենց համերաշխությունը հայտնել դեկտեմբերի վերջին բանտում հացադուլ սկսած ընդդիմադիր բլոգեր Մեհման Հուսեյնովին:
Ադրբեջանցի իրավապաշտպան Օգթայ Գյուլալիևի փոխանցմամբ՝ հացադուլ սկսած քաղբանտարկյալներին հնարավոր է միանան նաև այլ քաղբանտարկյալներ: