Բժիշկները պատմել են առողջության համար նռան օգտակար ազդեցության մասին


00:01 , 15 հունվար, 2019

Նուռն այնպիսի նյութեր է պարունակում, որոնք ճնշում են աղիների բորբոքային պրոցեսները, նպաստում են խոցերի փակմանը և նվազեցնում քաղցկեղի առաջացման հավանականությունը: Նման եզրահանգման են եկել ամերիկացի և հնդիկ կենսաբանները, որոնք հոդված են հրապարակել Nature Communications ամսագրում:

«Մեր գործընկերները նախկինում գտնում էին, որ նռան հատիկներում և կորիզներում պարունակվող նյութերը պարզապես ճնշում են բորբոքային պրոցեսները: Մենք պարզել ենք, որ դրանով այդ նյութերի ազդեցությունը չի սահմանափակվում. դրանք օգնում են վերականգնել աղիների պատերի և մարմնի միջև եղած պաշպանիչ արգելքը»,- հայտարարել է Ռաջբիր Սինգհը ԱՄՆ Լուիսվիլի համալսարանից:

Փորձերը ցույց են տվել, որ մանրէների կողմից մշակված նռան հյութը ոչ միայն ճնշում է բորբոքումները, այլև անսովոր ձևով ազդում աղիների պատերը ծածկող լորձի կազմի վրա: Այն բաղկացած է երեք տեսակի հատուկ սպիտակուցներից, որոնք պաշտպանում են բջիջները և օրգանիզմը տոքսինների և այլ օտարածին մոլեկուլների ներթափանցումից:

Եթե աղիների բջիջները ոչ բավարար քանակով են արտադրում այդ միացություններից, ապա արգելիչ շերտը կորցնում է հերմետիկությունը, ինչը հանգեցնում է քրոնիկ բորբոքման, կոլիտի զարգացման և կտրուկ ավելացնում է քաղցկեղի առաջացման հավանականությունը: