Թուրքիան չի դադարեցնի Սիրիայում քրդական զինված ուժերի դեմ պայքարը՝ չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հնչած սպառնալիքներին: Նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահի մամլո քարտուղար Իբրահիմ Քալինը Twitter-ում:
«Սիրիայի քրդերին և ԱՄՆ ահաբեկչական խմբավորումների ցանկում ներառված «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության», ինչպես նաև «Դեմոկրատական միություն կուսակցության» և «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» ճանաչումը ճակատագրական սխալ է»,- գրել է նա՝ դիմելով ամերիկյան պետության ղեկավարին:
Քալինն ընդգծել է, որ Անկարան պայքարում է ոչ թե քրդերի, այլ ահաբեկիչների դեմ: «Մենք պաշտպանելու ենք քրդերին և սիրիացիներին ահաբեկչական սպառնալիքից»,- ասել է նա:
Ավելի վաղ՝ հունվարի 14-ին, Թրամփը սպառնացել է ոչնչացնել Թուրքիայի տնտեսությունը, եթե Անկարան հարվածի սիրիական քրդերին: Նա նաև իրավիճակի համար պատասխանատու է համարել քրդերին՝ ասելով, որ նրանք չպետք է հրահրեն թուրքական կողմին: