Քոչարյանի պաշտպանները քննող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնեն


15:30 , 14 հունվար, 2019

Armenpress.am-ը գրում է.

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի  կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ գործի քննությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`  դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը նշեց, որ Քոչարյանը չի մասնակցելու նիստին:

«Դատավորի ինքնաբացարկի միջնորդություն ունենք, որը կքննվի: Այսինքն` հավանականությունը շատ մեծ է, որ այսօր բուն միջնորդությունների քննությանը չենք անդրադառնա»,- ասաց Օրբելյանը և հավելեց, որ նիստին հետո մանրամասն կներկայացնի, թե ինչ հիմքով են ներկայացրել միջնորդությունը:

Դատավոր Նելլի Բաղդասարյանի՝ դատախազների և քննիչի միջնորդությունը բավարարելուց և ինքնաբացարկ հայտնելուց հետո կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդության քննարկումը մակագրվել է դատավոր Դավիթ Գրիգորյանին, սակայն դատավոր Գրիգորյանը հունվարի 12-ին նույնպես ինքնաբացարկ է հայտնել՝ պատճառաբանելով, որ իր հերթը չի եղել, բայց գործն իրեն է մակագրվել:
Այդ ամենից հետո գործը մակագրվել է դատավոր Արթուր Մկրտչյանին, որին ևս ինքնաբացարկի միջնորդություն կներկայացվի։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացրել են դեռևս նախորդ տարի՝ դեկտեմբերի 26-ին, և դատարանին խնդրել են որոշել սահմանվող գրավի չափը:

Դատարանը միևնույն ժամանակ կքննի նաև Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունը: