Սիրիայից սկսվել են դաշնակից ուժերի դուրսբերման գործողություններ (Video)


23:30 , 11 հունվար, 2019

Amerikayidzayn.com-ը գրում է.

Ստացվել են հաղորդագրություններ այն մասին, որ Սիրիայում ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող դաշինքը սկսել է այստեղից զորքերի դուրսբերման գործողություններ։
Ինչպես գնդապետ Շոն Ռայընն է ասել, ՝՝դաշինքը սկսել է ռազմական ուժերի համաձայնեցված դուրսբերում։ Դաշնակից ուժերի խոսնակն ասել է, թե անվտանգության դրդապատճառներով ինքը չի կարող հայտնել այլ մանրամասնություններ։

Հիշեցնենք, որ այս շաբաթասկզբին այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարեց, թե Սիրիայից ռազմական ուժերի դուրսբերումից առաջ հարկավոր է ստանալ երաշխիքներ, որ քրդական ուժերի դեմ չեն իրականացվի ռազմական գործողություններ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, որպես Բոլթոնի խոսքերի դեմ բողոք, հրաժարվեց հանդիպել նրան։

Քրդական ուժերը, մասնավորապես Ժողովրդի պաշտպանության միավորումներ անվանումը կրող խմբավորումը Դաեշի դեմ պայքարում եղել է Վաշինգտոնի գլխավոր դաշնակիցը, խմբավորում, որը սակայն Անկարայի կողմից համարվում է ահաբեկչական կազմակերպություն։ Անկարան պնդում է, որ այս խմբավորումն անմիջական կապ ունի Թուրքիայի ներսում գործող ապստամբ ուժերի հետ։

Ամերիկյան ուժերը Սիրիայի պատերազմի մեջ մտան 2Օ14 թվականից, երբ այստեղ ժամանեցին սահմանափակ թվով ջոկատներ՝ քրդերի կողմից Դաեշի դեմ ծավալված պայքարում նրանց խորհրդատվություն տալու ու մարզելու նպատակով։