Հայտնի կերպարներ, որոնք կեղծել են սեփական մահը և անհետացել


22:45 , 11 հունվար, 2019

Սեփական մահի բեմադրումը հետաքրքիր եղանակ է մյուսներից թաքնվելու, քրեական պատասխանատվությունից ազատվելու, ընկերներին մոլորեցնելու կամ, վերջապես, պարզապես միայնակ լինելու համար։ Կան վարկածներ, որ հայտնի որոշ մարդկանց, օրինակ՝ Մայքլ Ջեքսոնի կամ Էլվիս Փրեսլիի մահերն իրականում բեմադրված են, և այդ հայտնիները մինչ օրս ողջ են։ Սակայն սա, իհարկե, չապացուցված վարկած է։ Պատմության ընթացքում իսկապես եղել են դեպքեր, երբ այս երևույթը տեղի է ունեցել։ Ձեզ ենք ներկայացնում դրանցից մի քանիսը։

Թիմոթի ԴեքստերԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգում բնակվող Թիմոթի Դեքստերը XVIII դարի հայտնի կերպարներից էր։ Նա ծնվել էր 1748 թ. և հարստացել էր պատահաբար՝ գնելով ակցիաներ, որոնք հետագայում մեծ արժեք ձեռք բերեցին։ Դրանից հետո Թիմոթին սկսեց անդադար զվարճանալ՝ շքեղ առանձնատուն կառուցեց, զարդարեց այն հայտնի մարդկանց 40 արձաններով, ինչպես նաև իրեն կեղծանուն ընտրեց՝ «Լորդ»։ 50 տարեկանում գիրք գրեց՝ «Անհեթեթություն գիտակների համար կամ պարզ ճշմարտությունը՝ կոշտ հագուստում»։ Չնայած որ հուշագրություններում կետադրական ոչ մի նշան չկար, և դրանք կարդալը գրեթե անհնար էր, այն վերահրատարակվեց 8 անգամ։

Այսպես՝ մի անգամ այս յուրօրինակ ջենթլմենին հետաքրքրեց, թե ինչ կասեն կամ կանեն մարդիկ, եթե իմանան, որ նա մահացել է։ Նա ինքնուրույն լուրեր տարածեց իր մահվան մասին։ Նրա թաղմանը ներկա էր 3 հազար մարդ, սակայն Դեքստերին դուր չեկավ այն, որ նրա կինը, ինչպես նրան էր թվում, բավականաչափ չէր սգում իր մահը, այդ իսկ պատճառով որոշեց անսպասելիորեն վերադառնալ։ Ավելի ուշ նա ծեծի ենթարկեց կնոջը։

Ալեքսանդր Ուսպենսկի

Ուկրաինայի ԽՍՀ ներքին գործերի ազգային կոմիսար Ալեքսանդ Ուսպանսկին 1938 թ. նոյեմբերին հրավեր ստացավ Մոսկվայից «պաշտոնի բարձրացման» համար։ Տեղեկանալով, որ պաշտոնի բաձրացման փոխարեն նրան ձերբակալում է սպասվում, Ուսպենսկին փախուստի դիմեց՝ իր գրասենյակում թողնելով հետևյալ բովանդակությամբ գրություն. «Փնտրեք դիակս Դնեպրում...»։ Սրանով նա իր վրա հրավիրեց ԽՍՀՄ ՆԳԺԿ աշխատակիցների ուշադրությունը, քանի որ Դնեպրում նրանք գտան Ուսպենսկու բաճկոնն ու գլխարկը։ Մինչ ՆԳԺԿ-ն փնտրում էր նրա դին Դնեպրում, նա հասցրեց փախչել Վորոնեժ։ Տարբեր քաղաքներում նա շարունակեց ապրել նախապես պատրաստված կեղծ փաստաթղթերով՝ Իվան Շմաշկովսկի անվան տակ։

Սակայն 1939 թ. ապրիլի 15-ին նա ձերբակալվեց և խոստովանեց իր մեղավորությունը հակահեղափոխական դավադրություն կազմակերպելու գործում, ինչպես նաև Գերմանիայի համար լրտեսություն կատարելու մեջ և գնդակահարվեց։

Ալիստեր Կրոուլի

Հայտնի միստիկն ու ակնաբույժը, ով ինքն իրեն անվանում էր Մեծ Գազան, որոշեց «մահանալ», սակայն ոչ թե բոլորի, այլ միայն մեկ մարդու համար։ 1930 թ. Կրոուլին, ով այդ պահին 55 տարեկան էր, 19-ամյա գերմանուհի Հանի Ջագերի հետ Պորտուգալիա գնաց։ Ուղևորության ընթացքում Կրոուլին բարկացավ Ջագերի վրա և որոշեց ազատվել նրանից յուրօրինակ կերպով։

Պորտուգալիայում նա ծանոթացավ բանաստեղծ Ֆերնանդո Պեսոայի հետ, ով էլ նրան օգնեց բեմականացնել նրա մահը Բոկա-դու-Ինֆերնոյի ժայռերում։ Թողնված գրությունում Ալիստեր Կրոուլին գրել է. «Ես չեմ կարող ապրել առանց քեզ։ Թող ինձ վերցնի Բոկա-դու-Ինֆերնոն (Դժոխքի բերան). այնտեղ այնքան թեժ չի լինի, որքան քեզ հետ»։ Հատկանշական է այն, որ իր օրագրում Ալիստերը Ջագերին բնորոշել էր որպես պաթոլոգիկ վախկոտ ու ստախոս։

Քեն Քիզի

«Թռիչք կկվի բնի վրայով» դասական վեպի հեղինակ և 60-ականների «Merry Pranksters» խմբի անդամ Քեն Քիզին բեմականացրեց սեփական մահը, որպեսզի խուսափի մարիխուանա պահելու համար նախատեսվող պատժից։ Նա իր ավտոմեքենան թողեց Կալիֆորնիա նահանգի Էվրիկա քաղաքի մոտակայքում, դրա մեջ թողեց «Օվկիանոս, օվկիանոս, ամեն դեպքում ես քեզ կհաղթահարեմ» բովանդակությամբ գրություն և փախավ Մեքսիկա։ Ավելի պակաս, քան 1 տարի անց Քենը վերադարձավ, և նրան բանտ նստեցրին 5 ամսով։