Կարագանդայի դեպքերն օգտագործելու ադրբեջանական քարոզչությունը տրանսֆորմացիաների է ենթարկվում


10:52 , 11 հունվար, 2019

Կարագանդայի դեպքերն օգտագործելու ադրբեջանական քարոզչությունը տրանսֆորմացիաների է ենթարկվում: Եթե սկզբում այն օգտագործվում էր միջէթնիկական կրքեր բորբոքելու առումով, ապա հետո սկսեցին քաղաքական կամ աշխարհաքաղաքական երանգներ հաղորդել: Մտքեր են հնչում, թե հայերն այն օգտագործում են Ղազախստանի միջազգային հեղինակությանը հարվածելու համար, որովհետև հայերը դժգոհ են ղազախական քաղաքականությունից ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում:

Այդ առումով օգտագործում են երկու գործիք՝ այսպես կոչված քեյզ-սթադի, այսինքն՝ սեփական փորձն ունեն հայկական պրովոկացիաների առումով, իրենց «տառապանքը փորձ ունի», երկրորդ՝ ազգային-զգացմունքային գործոնի խաղարկում. հայկական էքստրեմիզմ, օտար երկրների նկատմամբ անհարգալից վերաբերմունք, սադրանքներ և այլն՝ հընթացս դրանց կրոնական երանգ տալով: Այս վերջինն էլ ավելի են զարգացնում ազգային-կրոնական կրքեր բորբոքող տրոպներով, ինչպիսիք են թյուրքական աշխարհ, իսլամական աշխարհ, եղբայրական ազգեր և այլն, որոնց դեմ է գործում հայկական էքստրեմիզմը:

Ցավոք, պետք է խոստովանել, որ եղանակ կարողանում են ստեղծել, ինչը նշանակում է, որ գործ ունենք լավ մշակված և ինստիտուցիոնալացված քարոզչական համակարգի հետ:

Մնում է՝ մենք կարողանանք նրանց ստեղծած «քարոզչական նյութը» դարձնել բումերանգ և վերադարձնել իրենց: Իսկ դրա համար կան նախադրյալներ, մասնավորապես այն առումով, որ իրենք դա օգտագործում են սեփական քաղաքական նպատակների համար: