Վրաստանում վիրուսից 22-ամյա աղջիկ է մահացել


12:00 , 10 հունվար, 2019
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում 22-ամյա աղջիկ է մահացել, պատճառը, հավանաբար, բակտերիալ վարակն է, հաղորդում է «Rustavi 2» հեռուստաալիքը:

Հիվանդը գրիպից առաջացած էնցեֆալիտ ախտորոշումով բուժհաստատություն էր տեղափոխվել անցյալ շաբաթ: Նրան մի քանի օր շարունակ արհեստական շնչառության սարք է միացված եղել:

Աղջկա մահվան հստակ պատճառները դեռևս հաստատված չեն, H1N1 վիրուսի առկայությունը պարզելու համար լաբորատոր հետազոտություն կանցկացվի:

Լրատվամիջոցների տվյալներով՝ աղջիկը՝ Սալոմե Կեմաշվիլին, Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի ուսանող էր և ինֆեկցիոն հիվանդանոցում փորձաշրջան էր անցնում:

Տվյալ պահին Վրաստանում 100 հազար մարդուց 256-ը հիվանդ են գրիպով: Համաճարակ է հայտարարվում այն դեպքում, երբ 100 հազար մարդու հաշվով հիվանդների թիվը 450-ից 500-ի է հասնում: 

Հիշեցնենք, որ Վրաստանում վիրուսի հետևանքով արդեն մահացության 13 դեպք է գրանցվել: