Ինչպես Ալֆրեդ Նոբելը զոհեց սեփական եղբոր կյանքը՝ իր հայտնագործության համար


22:45 , 10 հունվար, 2019

Գիտության պատմության մեջ անձնական ողբերգություններ հաճախ են տեղի ունեցել: Իրենց նպատակներին հասնելու համար գիտնականները հաճախ մեծ ռիսկերի են դիմում և հարվածի տակ են դնում ոչ միայն իրենց, այլև հարազատների կյանքերը: Հանրահայտ է, որ գիտական մրցանակներից ամենահայտնին կապված է մի մարդու անունի հետ, որը նման կերպ փորձել է կոմպենսացնել մարդկանց հասցված վնասն իր հայտնագործությունների կողմից: Իրականում դինամիտը, որը ստեղծել է Ալբերտ Նոբելը, հաջորդող 100 տարվա ընթացքում մեծ մասամբ ծառայել է խաղաղ նպատակներով: Դրա օգնությամբ կառուցվել են հազարավոր կամուրջներ, թունելներ և այլն: Սակայն «դինամիտային կայսրություն» ստեղծելու համար գիտնականը վճարել է սեփական եղբոր կյանքով:

Ալֆրեդ Նոբելը մեծ գյուտարար էր: Նրա նախնիներից շատերը զբաղվել են բնության ուսումնասիրությամբ, ներառյալ XVII դարի հայտնի շվեդ գիտնական Ուլոֆ Ռուդբեկը: Դինամիտի կայսրության ապագա ստեղծողի մանկությունն անցել է Ռուսաստանում, որտեղ նրա հայրը հաջողությամբ կազմակերպել էր սարքավորումների և պայթուցիկ նյութերի արտադրություն: Հենց Ռուսաստանում է Էմանուել Նոբելը հայտնագործել ֆաները: Ընտանիքի 8 երեխաներից միայն 4-ն էին ողջ մնացել և ստացել հրաշալի կրթություն: Չնայած այն բանին, որ Ալֆրեդը դպրոց է գնացել միայն մեկուկես տարի, նա կատարելապես տիրապետում էր վեց լեզուների, զբաղվում էր ֆիզիկայով և քիմիայով:

Համարվում է, որ հենց Ռուսաստանում է երիտասարդ Ալֆրեդ Նոբելը գիտնական դարձել՝ Նիկոլայ Նիկոլայևիչ Զինինի ղեկավարությամբ: Հայտնի ռուս քիմիկոսը որոշ ժամանակ պարապել է տաղանդավոր երիտասարդի հետ, այնուհետև արդեն մասնակցություն է ունեցել նրա ճակատագրին՝ ծնողներին առաջարկելով տղային ուսման ուղարկել Եվրոպա և Ամերիկա: Այդ ճամփորդության ընթացքում Փարիզում Ալֆրեդը ծանոթացել է Ասկանիո Սոբրերոյի հետ՝ նիտրոգլիցերինի հայտնագործողի: Այս պահին դա ամենաուժեղ պայթուցիկ նյութերից մեկն էր համարվում, սակայն հենց ինքը՝ գյուտարարը, դեմ էր դրա համընդհանուր օգտագործմանը խիստ վտանգավորության պատճառով: Կյանքի մյուս մասում Ալֆրեդ Նոբելի հիմնական աշխատանքը նվիրված էր այս վտանգավոր նյութի ստաբիլիզացման մշակմանը:

24 տարեկանում երիտասարդ գիտնականը իր առաջին պատենտը ձևակերպեց: Այս անգամ հայտնագործության օբյեկտը գազային հաշվիչն էր: Ի դեպ, դրան նման սարքավորում էլ մենք այսօր օգտագործում ենք մինչ օրս: Ողջ կյանքի ընթացքում Ալֆրեդ Նոբելը 355 պատենտների հեղինակ  է դարձել: Բացի պայթուցիկ նյութերից, որոնք նրա ուսումնասիրման հիմնական առարկան էին, այս գիտնականին մենք պարտական ենք շատ այլ գյուտերի համար՝ խողովակաշարի, գազայրիչի, ջրաչափի, բարոմետրի և այլն:

Սակայն Նոբելի ամենահայտնի գյուտը դինամիտն էր: Երկար տարիներ շարունակ կատարած ուսումնասիրություններից հետո գիտնականին հաջողվեց զսպել նիտրոգլիցերինի քայքայիչ ուժը՝ իրացնելով այն իներտ ծակոտկեն լծանյութի հետ: Այս խառնուրդը երկար տարիներ անփոխարինելի էր և համարվում էր բավականին անվտանգ միջոց՝ հսկվող պայթյունների ստեղծման համար:

Սակայն այս գյուտի համար Նոբելը վճարեց իր ամենամտերիմ մարդկանցից մեկի կյանքով: 1864 թ. ընտանեկան հավաքի ժամանակ այս նյութի պատճառով պայթեց շենքը: Զոհերի թվում էր նաև Նոբելի կրտսեր եղբայրը՝ Էմիլը: Չամուսնացած և երեխա չունեցող Ալֆրեդ Նոբելի համար սա անձնական մեծ ողբերգություն դարձավ, որն ազդեց նրա հայացքների վրա, սակայն նա շարունակեց իր գործը ողջ կյանքի ընթացքում և ստեղծեց պայթուցիկ նյութերի իրական կայսրություն՝ չդադարեցնելով իր ուսումնասիրությունները դրանց ստաբիլիզացման վերաբերյալ: Հաջորդ մի քանի տասնամյակի ընթացքում նա հայտնի դարձավ ոչ միայն որպես տաղանդավոր գյուտարար, այլև հաջողակ բիզնեսմեն: Նա աշխարհի տարբեր երկրներում դինամիտի և զենքերի տարատեսակների 90 գործարան բացեց:

Իր արտադրանքը նոր շուկաներ մտցնելով՝ Ալֆրեդը մշտապես փորձում էր ապացուցել դրա գործածման անվտանգությունը: Դրա համար հանրային մի շարք փորձարկումներ էին անցկացվում, սակայն հասարակության կարծիքն ընդհանուր առմամբ մնում էր նույնը: Պայթուցիկ նյութերը համարվում էին պոտենցիալ վտանգ ներկայացնող: Բազմաթիվ ողբերգություններ և վթարներ, որոնք տեղի էին ունեցել նիտրոգլիցերինի պատճառով, հեշտ չէր մոռանալը, ինչպես նաև զենքի արտադրությունը չէր կարող բարի գործ համարվել: Այս ամենն Ալֆրեդն ավելի լավ հասկացավ ավագ եղբոր մահից հետո՝ 1888-ին: Չնայած նրան, որ Լյուդվիգ Նոբելը ավելի շատ զբաղվում էր նավթի արտադրությամբ Բաքվում, նրա մահից հետո թերթերում այսպիսի խորագրերով լուրեր տպագրվեցին՝ «Պայթուցիկ վաճառականի մահը», «Դինամիտի արքայի մահը»: Այս ամենի պատճառը թերթերի խմբագիրների սխալներն էին, քանի որ նրանք շփոթել էին երկու եղբայրներին, սակայն սա մեծ ազդեցություն թողեց Ալֆրեդի վրա. նա սկսեց մտածել, թե ինչ հիշատակ է թողնելու աշխարհում իր մահից հետո:

Հարկ է նշել, որ, չնայած իր նման գյուտերին, Ալֆրեդ Նոբելը մեծ պացիֆիստ էր: 1889 թ. նա, օրինակ, մասնակցել է Խաղաղության համաշխարհային կոնգրեսին և խոշոր գումարներ է նվիրաբերել: Մահից ինը տարի առաջ Նոբելը կտակ էր գրել: Իր ունեցվածքի մեծ մասը նա վստահելի կառույցների էր թողել, որպեսզի վերջիններս ամեն տարի ֆինանսավորեն խոշոր գիտական ուսումնասիրությունները, հեղափոխական գյուտերը կամ հասարակության կյանքի ու մշակույթի մեջ մեծ ներդրում ունեցող մարդկանց: Մինչ օրս ամեն տարի անց է կացվում Նոբելյան մրցանակաբաշխություն:

Ալֆրեդ Նոբելը մահացավ 1896 թթ., իսկ առաջին անգամ մրցանակ տրվեց նրա անունից 1901-ին: Նրա անունն այսօր կապվում է գիտության զարգացման և խաղաղ մտադրությունների հետ: