Ադրբեջանում բացարձակապես չեն թուլացրել հակահայկական քարոզչությունը, ռազմական հանցագործների մեծարումը վայրկյանով իսկ չի դադարում


18:24 , 9 հունվար, 2019

«Հերիք է ժողովրդին վախեցնեք հավանական պատերազմով» թեզն, ի դեպ, նոր չէ։ Դեռ Քոչարյանի ժամանակ կար, ընդ որում՝ տարիներով հենց իշխանամետ ուժերն էին ամեն կերպ փորձում հավանական պատերազմի մասին խոսակցությունները խեղդել։

Երբ տարիներով ասում էինք․ «Ընկերնե՛ր, պատերազմը կարող է վերսկվել ցանկացած պահի», վստահ ձայնով պատասխանում էին․ «Չէ, Ալիևը նման արկածախնդրության չի գնա», ու փորձում մեզ գիժ ներկայացնել։

2010-ից սկսած «պատերազմ չի լինի» ասողների ձայնի տոնայնությունը սկսեց ավելի ու ավելի անվստահ դառնալ։ Ամենաերկարը դեսպանատներից սնուցվող ՀԿ-ներն էին շարունակում երգել, թե «հասարակ ժողովուրդն Ադրբեջանում պատերազմ չի ուզում», բայց իրենք էլ ինչ-որ պահի ստիպված եղան իրականության դեմ նահանջել և, Լուկաշենկոյի ասած, լեզուները մի տեղ մտցնել։

Խնդալուն այն է, որ 2014-ի օգոստոսյան կռիվներից հետո «Ալիևը նման քայլի չի գնա» ասողներն աստիճանաբար անցան «բա որ ասում էինք, որ Ալիևին չի կարելի վստահել» կամ «Ալիևն անկանխատեսելի է» պնդումների, կարծես իրենք չէին, որ մինչ այդ տարիներով հակառակն էին ասում:

Թվում էր, թե 2016-ի ապրիլյան կռիվները պիտի վերջակետ դնեին այս հարցում, բայց չէ, Նիկոլը և/կամ Աննա Հակոբյանը վաղուց արդեն թաղած «գաղափարախոսական մեռելներին» նորից հանեցին ու սկսեցին իրենց այնպես պահել, կարծես հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրն արդեն ստորագրված է, Ադրբեջանն էլ՝ դեմիլիտարիզացված։

Կողքից սկսել են վերակենդանանալ նաև հկական զանգվածները՝ «ադրբեջանական դրոշի ֆոնին լուսանկարվելը խնդիր չէ», «ուզում եմ ադրբեջանցի ընկերներիս հյուր գնալ» և նմանատիպ այլ ապուշ թեմաներ դաշտ գցելով (ի դեպ, այդ դրոշով ստենդը Բաքվի ռեժիմի ամենասիրված կառույցներից մեկի՝ Հեյդար Ալիևի անվան հիմնադրամի միջոցառման շրջանակներում էր այնտեղ դրված, բայց դա ընդհանրապես չի հուզում իբր բռնապետության դեմ պայքարող հկական աշխուժակներին)․․․

Կողքից նայելով՝ սպանդանոցում գլուխը հողի մեջ մտցրած ջայլամ է հիշեցնում այս պահվածքը, բայց ինչևէ․․․ Խնդիրն այն է, որ բոլորս ենք նույն սպանդանոցում։

* * *

Իսկ Ադրբեջանում բացարձակապես չեն թուլացրել հակահայկական քարոզչությունը, ռազմահայրենասիրական միջոցառումները, ռազմամարզական խաղերը նույն ընթացքով շարունակվում են, ռազմական հանցագործների մեծարումը վայրկյանով իսկ չի դադարում։

Առաջնագծում էլ շարունակում են ինժեներա-շինարարական աշխատանքները, նոր զորամասերի կառուցումը, նոր սպառազինություն են գնում և այլն․․․