Գուհար Ջան. հայուհի, որը դարձավ Հնդկաստանի առաջին սուպերաստղը


22:45 , 9 հունվար, 2019

Այդ այսօր է, որ Հնդկաստանը հայտնի է իր բոլիվուդյան սուպերաստղերով, սակայն դա միշտ չէ, որ այդպես է եղել։ Առաջ հայտնի երաժիշտների լսելու կամ պարողների տեսնելու համար անհրաժեշտ էր համերգի գնալ։ Իրավիճակը փոխվեց գրամոֆոնի հայտնվելուց հետո։ Հենց այդ ժամանակ հայտնիություն ձեռք բերեց Գուհար Ջանը՝ հայկական ծագում ունեցող երգչուհի և պարուհի Կալկաթայից, ում երաժշտությունը լսում էին ողջ աշխարհում։ Համարվում է, որ հենց նա է առաջին անգամ Հնդկաստանում գրամոֆոնային սկավառակներ ձայնագրել, որոնցից առաջինը թվագրվում է 1902 թ. նոյեմբերի 2-ին։

Գուհար Ջան անունն արդեն իսկ մեծ հարգանք էր վայելում Հնդկաստանում։ Բազմաթիվ պարողներից ու կատարողներից հենց նա էր, որ առանձնանում էր իր էքսպերիմենտալիզմով, ոչ ստանդարտ մոտեցմամբ երաժշտության նկատմամբ։ Այդ իսկ պատճառով զարմանալի չէ, որ հնդկական «Գրամոֆոն» ընկերության գործակալ Ֆրեդերիկ Ուիլյամ Հայսբերգը հենց նրան ընտրեց բոլոր երաժիշների միջից։ Նրա մասին հաճախ ասում էին. «Երաժշտական միջոցառումն առանց Գուհար Ջանի նույնն է, թե հարսանիքն առանց հարսի։

Նա ծնվել էր հայկական քրիստոնյա ընտանիքում և մկրտվել էր Էյլին Անջելինա Էուարդ անունով։ Նրա հայրը՝ հայ Ուիլյամ Ռոբերտ Էուարդը ինժեներ էր։ Մայրը՝ պարուհի Վիկտորիա Հեմինգսը, ծագումով հնդկուհի էր։ 1879 թ. նրանք ամուսնալուծվեցին։ Դստեր և նոր մահմեդական ամուսնու հետ մայրը տեղափոխվեց Բենարես։ Երկուսն էլ իսլամ ընդունեցին և նոր անուններ սկսեցին կրել՝ Մալկա Ջան և Գուհար Ջան։

Երբ Մալկան դստեր հետ տեղափոխվեց Կալկաթա, աղջնակը սկսեց ավանդական երաժշտական ժանրերն ու պարերն ուսումնասիրել։ Նրա դեբյուտը կայացավ 1887 թ.։ Ելույթն այնքան հաջող էր, որ նրան դարձրին պալատական երգչուհի։ 1896 թ. Գուհարը սկսեց ելույթ ունենալ Կալկաթայում և արագորեն երկրպագուների բանակ հավաքեց։

Սկսելով սկավառակներ ձայնագրել՝ տաղանդավոր Գուհարն իր բոլոր երգերն ավարտում էր միևնույն անգլերեն բացականչությամբ. «Իմ անունն է Գուհար ջան»։

1903 թ. Գուհար Ջանի ձայնագրությունները սկսեցին մեծ տարածում ապրել Հնդկաստանում և մեծ հաջողություններ գրանցել։ Աղջիկն այնքան հայտնի դարձավ, որ երբ Հնդկաստան այցելեց բրիտանացի միապետ Գեորգ V-ը, նրան հրավիրեցին Դելի՝ երգելու միապետի համար։ Գուհարը հատուկ երգ կատարեց՝ շնորհավորելով Գեորգին թագադրման առիթով, որը կայացել էր 1911 թ. հունիսի 22-ին։

Գուհարի լուսանկարները հայտնվեցին բացիկների և լուցկիների տուփերի վրա։ Իր փայլուն կարիերայի ընթացքում նա հասցրեց 600 երգ ձայնագրել 15 լեզուներով՝ հինդի, բենգալերեն, ուրդու, արաբերեն, սանսկրիտ, անգլերեն, ֆրանսերեն և այլն։ Բոլոր երգերը ստեղծվել են 1902-1920 թթ.։

Կյանքի վերջին տարիները Գուհարն անց է կացրել Մայսուր իշխանությունում, որտեղ Մահարաջի Կրիշնարաջի Վադիյարայի հովանավորչության տակ էր գտնվում։ Հենց այստեղ էլ նա մահացավ 1930-ին։

Տարիների ընթացքում նրա պատմությունը սկսեց մոռացվել։ 2013-ին մեծ նախագիծ սկսվեց՝ «Հնդկական երաժշտության արխիվը», որը հավաքեց հնդկական գրամոֆոնային բոլոր ձայնագրությունները՝ ներառյալ Գուհար Ջանի երաժշտությունը։ 2010-ին լույստ տեսավ Վակրամ Սամպատի «Իմ անունն է Գուհար ջան» գիրքը, որտեղ ներկայացված է երգչուհու կյանքի պատմությունը։

2016-ին Հնդկաստանում մեծ հաջողություն ունեցավ «Գուհար» ներկայացումը։ Բոլիվուդում ցանկանում են նրա մասին ֆիլմ նկարահանել։