Մի զարմացեք, որ «քացով» ՊՆ ավտոբուսի դուռ են ջարդում. դա ստեղծված իրավիճակում նորմալ է


11:14 , 9 հունվար, 2019

«Պետությունը» Հայաստանում դարձել է զուտ ելույթային խոսքի եզրույթ, իսկ գաղափարն աստիճանաբար կորսվում է։ Մի զարմացեք, որ «քացով» ՊՆ ավտոբուսի դուռ են ջարդում։ Դա ստեղվծած իրավիճակում նորմալ է, այդ մարդն ինչո՞ւ չպետք է ՊՆ ավտոբուսին հարվածի։

Հարվածելու և իր հարվածներն արդարացնելու համար առնվազն մի քանի պատճառ ունի։ Նա տեսել է, որ մարդիկ ոստիկան են գնդակահարում ու դրա անունն ապստամբություն դնելով՝ ԱԺ ընտրությունների են մասնակցում։

Բողոքի ակցիաների ժամանակ ասվել է, որ իշխանությունը ժողովրդինն է, իսկ ո՞վ է ասել, որ նրանք՝ հարվածողները, ժողովուրդ չեն, իրենք էլ են ժողովուրդ ու իրենց իշխանությունն են իրացնում, բան կարո՞ղ ես ասել...

Այստեղ խնդիրը զուտ ավտոբուսին հարվածող երիտասարդը չէ։ Խնդիրն ավելի խորքային է, դա հավաքական կերպար է, դա այն կերպարն է, որն ուղղորդվում է, որ պատգամավորների բնակարանների դռները բլոկադա անի ու այդ մարդկանց հայհոյի, դա այն կերպարն է, որ Շարմազանովի հուղարկավորությունն էր կազմակերպում, իսկ մնացածը ծափ էին տալիս։

Մի զարմացեք, մենք ենք ստեղծել այս ամենը, մենք էլ պետք է հնձենք կամ ապրենք այդ ամենի հետ։

Քանի դեռ իրերն իրենց անունով չենք կոչել, քանի դեռ «ապստամբություն» ու «հեղափոխություն» քաղաքագիտական եզրույթների տակ պարտակել ենք ամենաթողությունը և հասարակությունը բաժանել ենք սևերի ու սպիտակների (ընդդիմությունն ու իշխանությունն այստեղ հավասար են աշխատել), քանի դեռ մենք վախենում ենք վատին վատն ասել, լավին՝ լավը, մեր հասարակությունը միշտ էլ «քացով» ՊՆ վարորդին է քաշքշելու։