Տոնական օրերին ՃՈ ծառայության արդյունքը. թվային տվյալներ (Video)


22:30 , 8 հունվար, 2019

Տոնական օրերին ճանապարհային ոստիկանությունն իրականացրեց աննախադեպ ուժեղացված ծառայություն: Նպատակը մեկն էր՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը:
Թեև համացանցում երբեմն անհիմն մեղադրանքներ էին հնչում ճանապարհային ոստիկանության հասցեին, սակայն ստորաբաժանման ծառայողները, որոշ թերություններով հանդերձ, իրականացրին բարեխիղճ ծառայություն:
Խոսենք թվերով: 
Հունվարի 1-ից 7-ը ճանապարհային ոստիկանները արձանագրել են 1630 վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն: Անցած տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը 483 էր: 
Նույն օրերին ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 267 տրանսպորտային միջոց, 212-ով ավելի անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ:
Հայտնաբերվել է 225 ոչ սթափ վարորդ, իսկ անցած տարի հունվարի 1-ից 7-ը հայտնաբերվել էր ընդամենը 9-ը:
Տոնական օրերին հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 72 պատահար, ինչի հետևանքով զոհվել է 7 մարդ: Անցած տարվա նույն օրերի համեմատությամբ զոհերի թիվը նվազել է 5-ով: 
Հանուն արդարության պետք է նաև նշել, որ դրական թվային տվյալները արձանագրվել են այն պայմաններում, որ միայն անցած տարի հանրապետություն է ներկրվել շուրջ 75.000 տրանսպորտային միջոց:
Դժվար է ասել, թե ճանապարհային ոստիկաններն այս օրերին քանի ճանապարհատրանսպորտային պատահար են կանխել ու քանի մարդկային կյանք փրկել, սակայն մեկ բան հաստատ է ճանապարհային ոստիկանությունն իր տեղում է և պատվով իրականացնում է իր առջև դրված ցանկացած խնդիր: 
Առողջ քննադատությունը կօգնի ծառայությունն էլ ավելի արդյունավետ դարձնել, իսկ անհիմն մեղադրանքները միայն վարկաբեկում են պատվախնդիր ծառայողների աշխատանքը:
Ճանապարհային ոստիկանությունը շարունակելու է իրականացնել իր առջև դրված խնդիրները, կրկին դիմում ենք բոլորին՝ պահպանեք երթևեկության կանոնները: