«ՀՀ-ում շրջանառվում է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակ». Առողջապահության նախարարություն


17:30 , 8 հունվար, 2019

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների hամաձայն` եվրոպական տարածաշրջանի երկրներում շարունակվում է գրիպի և սուր շնչառական վարակների արձանագրումը՝ պայմանավորված նշված հիվանդությունների սեզոնայնությամբ: Lաբորատոր հաստատված գրիպի դեպքերի 99,6%-ը պայմանավորված է գիպի Ա (H1N1 և H3N2 ենթատեսակ) և 1%-ը Բ-տեսակներով: Նույն իրավիճակն է դիտվում տարածաշրջանի երկրներում:

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետությունում սուր շնչառական վարակների և գրիպի առումով իրավիճակն օրինաչափ է, բնորոշ սեզոնին: Ըստ օրական իրականացվող մշտադիտարկման արդյունքների` հունվարի 8-ի դրությամբ արձանագրվել է պոլիկլինիկական կազմակերպություններ 642 դիմելիություն: Այսօրվա դրությամբ հանրապետության հիվանդանոցներում հոսպիտալացված է սուր շնչառական վարակներով 597 հիվանդ:

Արձանագրված դեպքերի 96%-ն արձանագրվել է երեխաների շրջանում: Ինչ վերաբերում է սուր շնչառական վարակներով պայմանավորված շտապ օգնության կանչերին, ապա արձանագրվել է 130 կանչ: Իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքների համաձայն` հանրապետությունում շրջանառվում է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը:

Հաշվի առնելով, որ ձմեռային արձակուրդներից հետո դպրոցներում և մանկապարտեզներում վերսկսվել է ուսումնական գործընթացը, ինչպես նաև հիմք ընդունելով գրիպի և սուր շնչառական վարակների ներկայիս սեզոնային իրավիճակը և գրիպով չհիվանդանալու համար Առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում և հիշեցնում է.

- խուսափեք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,

- եթե հիվանդ եք, մնացեք տանը, մի՛ հաճախեք աշխատանքի, եթե հիվանդ է ձեր երեխան, թույլ մի տվեք հաճախել դպրոց կամ մանկապարտեզ,

- եթե հիվանդ եք դուք կամ ձեր երեխան, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ,

- մի՛ օգտագործեք հակաբիոտիկներ և մի՛ տվեք դրանք ձեր երեխաներին առանց բժշկի ցուցման, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար,

- հագնվեք և հագցրեք ձեր երեխաներին եղանակին համապատասխան,

- պահպանեք և սովորեցրեք ձեր երեխաներին հազի և փռշտալու վարվելակարգը,

- օգտագործեք հնարավորինս շատ հեղուկներ,

- հաճախակի օդափոխեք փակ տարածքները,

- հետևեք ձեր և ձեր երեխաների անձնական հիգիենային․ հաճախակի լվացեք ձեռքերը տաք ջրով և օճառով: