Փրկարարներին տոն օրերին հաջողվել է փրկել 12 մարդու կյանք. Հովհաննես Խանգելդյան


15:20 , 8 հունվար, 2019

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը 2018 թ. դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ն ընկած ժամանակահատվածում արձագանքում է իրականացրել բոլոր ահազանգերով: Փրկարարներին այդ օրերին հաջողվել է փրկել 12 մարդու կյանք:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը՝ հավելելով, որ ահազանգերի մեծ մասը վերաբերել են ճանապարհների վիճակների վերաբերող հարցումներին:

Խանգելդյանի խոսքով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 9-ով նվազել է գրանցված դեպքերի թիվը, սակայն 2-ով աճել է զոհերի և 24-ով՝ տուժածների թիվը:

«Այս օրերին գրանցվել է 63 հրդեհ, ինչը նախորդ տարվանից պակաս է 2-ով, 30 ճանապարհատրանսպորտային պատահար, որը 1-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: 8 զոհից 6-ը մահացել են ՃՏՊ-ների հետևանքով»,-ասաց նա:

Հովհաննես Խանգելդյանն ասաց, որ տոն օրերին թունավորման 7 դեպք է գրանցվել, որից մահացել է 2, տուժել՝ 23 մարդ: «Հիմնականում շմոլ գազից թունավորում է եղել, մնացած դեպքերը կենցաղային բնույթի են եղել: Գրանցվել է կենցաղային բնույթի 140 զանգ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 18-ով: Գերակշռել են փակ դռների, ջրագծերի վնասման վերաբերյալ զանգերը»,-նշեց նա:

Խանգելդյանն ընդգծեց, որ 911 ծառայություն ուղղվող զանգերում նկատվում է ավելի թիրախային սկզբունք: «Աստիճանաբար պատահական զանգերը վերանում են»,-հավելեց նա:

ԱԻՆ ՃԿԱԿ պետը, անդրադառնալով հումորային զանգերին, ասաց, որ տոն օրերին 911 էր զանգահարել մի քաղաքացի ու զայրացած հարցրել, թե ինչու է Ձմեռ պապիկը միայն փոքրիկներն այցելում: «Մի տղամարդ էր զանգահարել էր և խնդրում էր օգնել տոլմա փաթաթելու հարցում»,-ավելացրեց Խանգելդյանը: