Վահե Էնֆիաջյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Միքայել Մելքումյանը հանդիպել են ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպանին


15:29 , 8 հունվար, 2019

Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած դեպքերի մանրամասները քննարկելու համար այսօր գործընկերներիս՝ Նաիրա Զոհրաբյանի և Միքայել Մելքումյանի հետ հանդիպեցինք Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան պրն. Թիմուր Ուրազաևի հետ:

Ցավակցում եմ միջադեպի արդյունքում մահացածի ընտանիքի անդամներին և ընկերներին անդառնալի կորստի համար:

Միջադեպի բոլոր մասնակիցները, ունենալով ազգային տարբեր պատկանելիություն, հանդիսացել են Ղազախստանի Հանրապետության քաղաքացիներ, և խնդիրն ամբողջությամբ առաջնային գտնվում է Ղազախստանի իրավապահ մարմինների տիրույթում:

Շատ կարևոր են համակողմանի ու թափանցիկ քննության անցկացումը և մամուլում շրջանառվող ադրբեջանական հետքի առկայության հստակեցումը:

Պետք է բացառել ազգամիջյան և միջկրոնական բախումներ հրահրելու ցանկացած պրովոկացիա:

Ղազախստանում մենք ունենք հայկական համայնք, ինչպես նաև մեր քաղաքացիների համար Ղազախստանը հանդիսանում է արտագնա աշխատանքի մեկնելու երկրներից մեկը:

Անհրաժեշտ է հնարավոր բոլոր օղակներով ներազդել իրավիճակի կայունացմանը և ուշադրության կենտրոնում պահել հավանական զարգացման բոլոր տարբերակները:

Անհերքելի է, որ Հայաստանի և Ղազախստանի միջպետական, ինչպես նաև հայ ու ղազախ ժողովուրդների հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, և ոչ ոք ու ոչ մի սադրանք դա չի կարող խարխլել։