Պատմության ամենահայտնի կերպարները, որոնք թունավորում էին բոլորին՝ իրենց նպատակներին հասնելու համար


21:00 , 8 հունվար, 2019

Յուրաքանչյուր մարդ իր խնդիրները յուրովի է լուծում։ Ամենից հաճախ, իհարկե, այդ որոշումները համաձայնեցվում են օրենքների և մարդկային բարոյականության կանոնների հետ։ Սակայն պատմությունը մի շարք մարդկանց է ճանաչում, որոնք նման հանգամանքների ուշադրություն չեն դարձրել։ Ձեզ ենք ներկայացնում հայտնի անձնավորությունների ճակատագրեր, որոնք չեն տատանվել իրենց ընտրած միջոցների ու մեթոդների հարցում և սեփական խնդիրները լուծելու առանձնահատուկ եղանակներ են ունեցել։

Կալիգուլա

Գայոս Հուլիոս Կեսար Օգոստոս Գերմանիկոսը, ով հայտնի էր Կալիգուլա անունով, իր կառավարման ոչ լիարժեք 4 տարիների ընթացքում հասցրել է բավականին վառ հիշողություններ թողնել իր մասին. նրան են վերագրում հայտնի մեղքեր։ Թույների հանդեպ նրա սերը համարվում էր կայսեր ամենամեծ նախասիրություններից մեկը։ Նա թույներ օգտագործում էր ոչ միայն քաղաքական նպատակներին հասնելու համար, այլև պարզապես հետաքրքրասիրությունից ելնելով։ Նա՝ որպես իրական հետազոտող, թունավոր նյութերի նոր բաղադրատոմսեր էր հորինում և փորձարկում էր դրանք ստրուկների վրա։  

Համարվում է, որ Կալիգուլան թունավորել է մի գլադիատորի, որն ազդում էր կայսեր վրա իր մեծ հեղինակության ու հայտնիության պատճառով։ Այդ իսկ պատճառով կայսրը որոշեց անձամբ իրականացնել թեթև վնասվածք ստացած գլադիատորի բուժումը։ «Դեղերի» խառնումից հետո, որոնք լցրեց վերքի վրա, գլադիատորը հեռացավ կյանքից և դադարեց նյարդայնացնել կայսերը։

Կայսեր մահից հետո նրա գերեզմանատանը գտել են թույներով լի հսկայական սնդուկ։ Դրանցից որոշների մասին գրառումներ կային թողնված։ Որոշ թույներ էլ անվանված էին այն մարդկանց անուններով, որոնք իրենց մաշկի վրա էին զգացել դրա ազդեցությունը։

Ալեքսանդր Բորջիա

Հռոմի Բորջիա պապի սարսափելի հեղինակությունը, հնարավոր է, չափազանցվում էր նրա հակառակորդների կողմից։ Շրջապատում նրան անվանում էին «խաբեբա հրեշ» և «սատանայի դեղագործ»։ Համարում էին, որ նա մի շարք կարդինալների, որոնք մեծ կապիտալի էին տիրապետում, կյանքեր էր խլել, քանի որ նրանց մահից հետո ունեցվածքը փոխանցվում էր պապին։ Պապի ամենասիրելի մահացու նյութերն իսպանական բզեզն ու մկնդեղն էին։ Հենց Բորջիային են վերագրում թունավորման յուրահատուկ եղանակների ստեղծումը։ Օրինակ՝ դանակ մրգերի համար։ Թույնը գտնվում էր դանակի սայրի մի կողմում, և թունավոր էր լինում կտրած խնձորի միայն մի մասը։ Երկրորդ կեսը կարող էր ուտել թունավորողը, որպեսզի ցույց տա, որ ուտելիքն անվնաս է։

Ալեքսանդր VI-ի մահը մեծ քննարկումների տեղիք տվեց, և շշուկներ էին պտտվում առ այն, որ պապը պատահաբար թունավորվել է սեփական ձեռքերով պատրաստված թույնով, որը նախատեսված էր մի քանի այլ կարդինալների համար։ Սակայն սա հաստատող փաստեր չկան։

Մադամ դը Բրենվիլյե

Այս հայտնի մարկիզուհու սարսափելի ճակատագիրը թույների վերաբերյալ գործի սկիզբը դարձավ, որը շարունակվեց մարկիզի մահից հետո՝ 10 տարի շարունակ, և խլեց ևս երեք տասնյակ մարդու կյանք, որոնցից շատերը բարձր դասին էին պատկանում։ Ֆրանսիան XVII դարում անհանգիստ վայր էր։ Թույնը համարվում էր հայտնի զենք պալատներում իշխանության համար պայքարի ժամանակ։ Սակայն Մարի-Մադլենը՝ մարկիզ դը Բրենվիլյեի կինը և յոթ երեխաների մայրը, իր «կարիերան» սկսեց որպես հրաշալի հետազոտող՝ հեռու որևէ տեսակի էմոցիաներից։

Շշուկներ էին պտտվում այն մասին, որ նա իր թույները փորձարկում էր փարիզյան անվճար հիվանդանոցներում գտնվող թշվառների վրա՝ ներկայանալով որպես բարի կին, որն օգնում էր մերձավորներին։ Նրա հանցագործություններում խառնված էր մարկիզի սիրելի կապիտան Ժան Բատիստ դե Սենտ-Կրուան։ Վերջինիս օգնությամբ ավելի ուշ Մարի-Մադլենը հանուն ժառանգության թունավորեց սեփական հորը, երկու եղբայրներին և քրոջը։ Այն բանից հետո, երբ նրա հանցագործությունները բացահայտվեցին, և փախչող հանցագործին բռնեցին, սկսվեց երկար դատաքննություն։ Կնոջը խոշտանգումների էին ենթարկում, ապա գլխատեցին և հրդեհեցին։

Ցի Սի կայսրուհի

Այս կինը շուրջ 40 տարի միայնակ կառավարել է հսկայական Չինաստանի կայսրությունը՝ 1861-1908 թթ.։ Երկար ժամանակ նրան համարում էին պրոֆեսիոնալ թունավորիչ և դաժան բռնապետուհի։ Նա թույներն օգտագործում էր իր բոլոր նպատակներին հասնելու համար։ Անցնելով երկար ճանապարհ՝ գերուհուց մինչև կայսրուհի, Ցի Սին հրաշալիորեն սերտել էր թույների «քիմիան» և հետագայում ակտիվորեն կիրառում էր այն։ Առաջին զոհը, որը վերագրում են կայսրուհուն, այրի կայսրուհին էր՝ Ցի Սիի մահացած ամուսնու առաջին կինը։ Իսկ վերջին զոհը նրա զարմիկն էր՝ Գուանսյուի կայսրը։ Համարվում է, որ նրա կառավարման տարիներին բոլոր պալատականներն իրենց մոտ պարտադիր կերպով հակաթույներ էին պահում՝ վախենալով սեփական կյանքի համար։