Էլեկտրոնային սիգարետի մարտկոցը դարձել է ինքնաթիռում հրդեհի պատճառ


20:20 , 7 հունվար, 2019

Լաս Վեգասից Չիկագո թռիչքի ժամանակ American Airlines ավիաընկերության ինքնաթիռում տեղի է ունեցել ոչ մեծ բռնկում: Այս մասին հաղորդում է Associated Press-ը: Պատճառը ուղևորներից մեկի էլեկտրոնային սիգարետի այրվող մարտկոցն էր:

Բարեբախտաբար, միջադեպը տեղի է ունեցել թռիչքի վերջում՝ ինքնաթիռի վայրէջքից անմիջապես հետո: Բորտուղեկցորդներին հաջողվել է ինքնուրույն հանգցնել կրակը մինչ փրկարարների ժամանումը:

Ինքնաթիռում այդ պահին եղել են 138 ուղևոր և անձնակազմի 6 անդամ. նրանցից ոչ մեկը չի տուժել: Տեղի ունեցածի մասին հայտնել են ԱՄՆ քաղավիացիայի դաշնային վարչությանը:

Ավելի վաղ ԱՄՆ տրանսպորտի նախարարությունը արգելել է փոխադրել էլեկտրոնային սիգարետներ գրանցված ուղեբեռում՝ հրդեհի բռնկման ռիսկի պատճառով: Այդ ժամանակից ի վեր ուղևորներին թույլ է տրվում սարքը տեղափոխել միայն ձեռքի ուղեբեռում: