«Խաղաղ աշխարհի երազանքով շնորհավորում եմ Սուրբ ծնունդը». Կարո Փայլան


11:45 , 7 հունվար, 2019
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի՝ Դիարբեքիրից ընտրված հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Մեջլիսի ամբիոնից հայերենով շնորհավորել է Սուրբ ծնունդը:

«Եկեք միասին շնորհավորենք Հիսուս Քրիստոսի ծնունդը, դուք կարող եք թուրքերեն ասել, մենք հայերեն ասում ենք՝ Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս, բոլորիդ տոնը շնորհավոր», - ասել է պատգամավորը:

Կարո Փայլանը հայերեն շնորհավորանք է հրապարակել նաև Twitter-ի իր պաշտոնական էջում. 

«Խաղաղ աշխարհի երազանքով շնորհավորում եմ Սուրբ ծնունդը»,- գրել է հայազգի պատգամավորը՝ հրապարակումը ստորագրելով որպես «Կարո Փայլան, Տիգրանակերտի պատգամավոր»:


Ավելի վաղ Թուրքիայի «Հայկական անհիմն պնդումների դեմ միավորում» (ASİMDER) կազմակերպությունը դժգոհել էր Փայլանի՝ Մեջլիսում հայերեն խոսելուց:

Հիշեցնենք, որ օրեր առաջ հայազգի պատգամավորը խորհրդարանում ունեցած ելույթներից մեկի ժամանակ շնորհավորել էր Հայաստանի ժողովրդին ու իշխանություններին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման կապակցությամբ ու կոչ արել Թուրքիայի իշխանություններին պատշաճ կերպով արձագանքել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար երկխոսության գնալու պատրաստակամության մասին հայտարարությանը:

«Հաջողություն Նիկոլ Փաշինյանին և նրա ընկերներին» նախադասությունը Փայլանն արտասանել էր հայերեն: