Մեր երկրին եկող տարվա մեջ ընդամենը մեկ բան է պետք՝ սրտացավություն


17:19 , 31 դեկտեմբեր, 2018
Մեր երկրին եկող տարվա մեջ ընդամենը մեկ բան է պետք՝ սրտացավություն։ Ես երազում եմ ,որ հաջորդ տարում բոլորը լինեն սրտացավ ու ուշադիր՝ միմյանց նկատմամբ, շրջապատի նկատմամբ , երկրի նկատմամբ, դրա կարիքը մենք շատ ունենք։ Մեզ անտարբերությունն է հասցրել այս օրին, անտարբերությունը խախտում անող վարորդի նկատմամբ, խախտում անող վարորդինը մեր նկատմամբ, քաղաքը կեղտոտողի նկատմամբ , կաշառակեր պաշտոնյայի նկատմամբ։ Փորձեք անտարբեր չլինել ,տեսե՛ք ինչ դրական էմոցիաներ են հաղորդվելու շրջապատին ,մի պահ փորձեք մտնել դիմացինի դրության մեջ, հասարակ բան , որ մեխանիկորեն տարբեր տեսանյութեր ու Gif-եր եք ուղարկում ձեր շրջապատին , մի պահ դադարեք դա անել ուղղակի գրեք որ շնորհավորում եք նրա ամանորը ու գրեք դա պարտադիր նշելով նրա անունը ,կամ ազգանունը ու զգացեք տարբերությունը ՝ ինչքան է տրամադրությունն ու տրամադրվածությունը փոխվում դիմացինի և ինչ պատասխան է տալիս ձեզ, քանի որ ձեր այդ ժեստը ինդիվիդուալացնում է ձեր վերաբերմունքը , դարձնում յուրահատուկ և կոնկրետ ուղղորդված, բոլորն են սիրում ուրիշից տարբերվող մոտեցում իրենց հանդեպ։ 
Մի օրինակ էլ բերեմ, մի փոքր֊մոքր ճստո֊մստո աղջիկ կա , նա ուղղակի անտարբեր չէր վիրավոր զինվորների նկատմամբ ու իր սրտացավության շնորհիվ կառուցվեց ՀՀ֊ում մի քանի միլիոն դոլարանոց հսկա վիրավոր զինվոր ների վերականգնման կենտրոն։ Հաշմանդամի սայլակին գամված մի քանի զինվոր սկսեցին քայլել , քանի զինվորներ ապաքինվեցին, հասկանում եք նրանց կյանքը ամբողջովին փոխվեց մի աղջկա սրտացավությամբ , ընդամենը մի աղջկա...
Հաշվե՛ք ձեր սրտացավության ու անտարբեր չլինելու շնորհիվ քանի հոգի կերջանկանան ,քանիսը ոգևորված կհասնեն հաջողությունների , քանիսը կբարձրանա վեր , քանի կաշառակեր կուղղվի՝ ռիսկ չանելով շարժվել հին մեթոդներով ու քանի քանիսը ձեռք կմեկնի հենց ձեզ, հենց քեզ ,իսկ դա հրաշալի է ։ Շնորհավոր բոլորիդ գալիք ամանոր և սուրբ ծնունդ։