«2018-ը մեծագույն ձեռքբերումների և ուժգին կորուստների տարի էր». Մարիա Չանդիրյանը՝ BlogNews.am-ի ամանորյա ֆոտոշարքում


12:15 , 31 դեկտեմբեր, 2018

Պարուհի, դերասանուհի Մարիա Չանդիրյանը 2018-ն իր համար բնորոշում է իբրև ցունամի, որը լի էր անսպասելիություններով, դժվարություններով ու, ամենակարևորը, հաղթանակներով: Մարիան մասնակցել է BlogNews.am-ի տոնական ֆոտոշարքին ու մեզ հետ զրույցում ամփոփել է տարին՝ խոսելով կարևոր դասերի, երազանքների ու Նոր տարվա խորհրդի մասին:

- Ինչպիսի՞ն էր ընթացիկ տարին քեզ համար, Մարիա։

- 2018 թվականն ինձ համար նման էր սրտի դիագրամայի. անսպասելիությունները, անակնկալները, դժվարությունները, վերելքներն ու վարէջքները հերթ չէին տալիս մեկը մյուսին: Տարին եղել է չափազանց հագեցած, անգամ զարմացած եմ, չեմ հիշում՝ վերջին անգամ երբ է տարին եղել այսպիսին՝ մեծագույն ձեռքբերումների ու ուժգին կորուստների տարի: Փոփոխությունների, նոր բաներ սովորելու, ինքնակերտման տարի էր 2018-ը: Ինչ-որ իմաստով տարին կբնորոշեմ որպես  ցունամի իմ կյանքում. ինչպես ցունամին է անընդհատ ինչ-որ բան շրջում, այնպես էլ տարին էր ինձ  համար այդպիսին:

Որո՞նք են եղել 2018-ի կարևոր դասերը։

- Ասում են, չէ՞, որ կյանքն է դաս տալիս, բայց, չէ, ես կասեմ, որ դրա վերլուծությունն է դաս տալիս: Մարդ ամեն տարի պիտի իր կյանքը, իր ընթացքը վերլուծի: Ես այդպես անում եմ ամեն ծննդյանս տարեդարձին ու Նոր տարուն: Գրում եմ, թե ինչ փոփոխություններ են եղել իմ կյանքում կամա թե ակամա: Կարևոր փոփոխությունն ինձ համար եղել է այն, որ ես կառավարում եմ էմոցիաներս, ոչ թե էմոցիաներն են կառավարում ինձ: Լինելով շատ էմոցիոնալ, հուզվող  ու կտրուկ մարդ, ով օժտված է շատ հակասական գծերով, ես սովորել եմ կառավարել էմոցիաներս, ու այն ժամանակ, երբ պետք չէ ոչինչ անել, ես ոչինչ չեմ անում: Դա ինձ համար մեծ հաղթանակ է:

Շատ դժվար է իրականում ինքնատիրապետումը չկորցնելը: Երբ սիրտդ ուզում է հովանալ, բայց գիտակցությունդ հուշում է, որ, ոչ, պետք է կանգ առնել: Անկեղծ ասած՝ ես միշտ տուժել եմ իմ բնավորության այդ գծի պատճառով, բայց հիմա ես կարողանում եմ ուղղակի թույլ տալ, որ այն, ինչը բարին է, լինի իմ կյանքում առանց իմ միջամտության:

IMG_1040 copyIMG_1065 copy- Ի՞նչ դժվարություն ես հաղթահարել անցնող տարում:

- Դժվարությունների մասին չեմ խոսում հրապարակավ՝ համարելով դա խիստ անձնական, որովհետև դժվարության վերապրումը, ընթացքը կիսում եմ ընտրված մարդկանց հետ, ովքեր, ձեռքերս բռնած, ինձ հետ հավասար անցնում են այդ ամենի միջով: Բայց կարող եմ ասել, որ ցանկացած դժվարության հետևում կա հաղթանակ, պետք է պատվով հաղթահարել կյանքի մարտահրավերներն ու անցնել առաջ:

Ի՞նչ ես արել անցնող տարվա ընթացքում, որով արժե հիմա հպարտանալ:

Ոչ թե կարելի է հպարտանալ, այլ ուրախանալ, գոհանալ ու շարժվել առաջ: Տարին ինձ համար թանկ էր, քանի որ սկսել եմ «Dance with Maria» նախագիծը, որը դեռ տարվա սկզբում կար մտքումս, բայց միայն վերջերս  կարողացա իրականացնել իմ լավագույն ընկերների օգնությամբ: Այն պարային նախագիծ է ու դեռ երկար կյանք է ունենալու: Նախագիծը միավորում է պարող մարդկանց, որոնք սիրում են պարային մթնոլորտը, սիրում են պարել առանց ավելորդ ենթատեքստերի: Ես երջանիկ եմ այդ մտքից ու երևի 2018-ի հաղթանակներից մեկն էլ սա համարեմ, համարձակության քայլ, որը կյանք տվեց նոր նախագծի:

Ճանապարհորդությունները նույնպես քիչ չեն եղել այս տարի: Հասցրել եմ լինել Էդինբուրգում, Հելսինկիում, Չոն Սին ու Պեկին քաղաքներում: Գիտեք, ինչքան շատ ես տեսնում, այնքան շատ ես սովորում, ու դրանք նույնպես ինձ համար ձեռքբերումներ են եղել: Ես, լինելով ծովային տաք երկրների սիրահար, սիրահարվել եմ Շոտլանդիային: Այն ինձ համար իսկապես բացահայտում էր:

Եվրոպայի առաջնության ամենաերիտասարդ մրցավարն եմ եղել ու, ի վերջո, այս տարի դարձել եմ 25 տարեկան ու ապրում եմ այս մոլորակի վրա մեկ քառորդ դար:

IMG_1083 copyIMG_1136 copy- Քո կյանք նոր մարդկանց բերելու իմաստով 2018-ը շռա՞յլ է գտնվել:

- Իմ կյանք նոր մարդիկ միշտ են գալիս, որովհետև տեսակով բավականին շփվող եմ ու սիրում եմ ընկերանալ մարդկանց հետ, սիրում եմ ուսումնասիրել նրանց էությունը, բնավորությունը, հոգեբանությունը: Բայց նոր մարդկանց հայտնվելու հետ մեկտեղ չեմ մոռանում հին ընկերների մասին: Նրանց համար ես միշտ ազատ ժամանակ ունեմ ու հատուկ վերաբերմունք, իրենց շատ-շատ եմ սիրում: Իմիջիայլոց, չեմ բացառում, որ նոր մարդիկ էլ կարող են կարճ ժամանակում դառնալ մտերիմ, որովհետև ինձ համար ընկերությունը չափվում է ոչ թե ժամանակով, այլ մարդու տեսակով ու նրա կայացրած որոշումներով:

Ո՞ւմ համար ես դատարկելու դրամանապանակդ ու ի՞նչ նվերներ ես գնելու:

- Անկախ նրանից՝ Նոր տարի է, թե ծննդյան տարեդարձ, ես սիրում եմ իմ ընկերներին նվերներ մատուցել: Դա սիրո դրսևորումներից լավագույնն է ինձ համար: Այնքան գեղեցիկ ապրումներ եմ ունենում նվերներ ընտրելիս:  Երբեք չեմ նվիրում նվեր ու չեմ շնորհավորում, երբ դա սրտանց չէ, ու չեմ սիրում ձևական նվերներ անել: Ընկերներս գիտեն, որ, բացի խոսքեր շռայլելուց, որ նրանք շատ կարևոր դեր ունեն իմ կյանքում, նաև նվերներ եմ մատուցում, ու այս Նոր տարուն էլ նրանք առանց անակնկալների չեն մնա:

IMG_1241 copyIMG_1234 copy

Ամանորին տոնածառի տակ ի՞նչ նվեր կուզեիր գտնել:

- Ամանորյա երազանք պահելիս պետք է աչքերդ ամուր-ամուր փակես, պատկերացնես ու ժպիտով հավատաս, որ շուտով կգտնես: Երբ եղևնու տակ գտնեմ նվերը, անպայման կբարձրաձայնեմ, ու բոլորը կիմանան՝ ինչ էի մտքումս պահել:

Որտե՞ղ ես պատրաստվում անցկացնել այս Նոր տարին:

- Նոր տարին պատրաստվում եմ դիմավորել տանը, քանի որ այն ինձ համար ընտանեկան տոն է, ու չեմ սիրում, երբ տնից հեռու եմ լինում այդ օրերին: Ուրախ եմ, որ կկարողանամ ընտանիքիս հետ նշել, աշխատանքի չեմ լինելու: Սիրում եմ իմ սենյակում լինել12-ից կես ժամ շուտ, անպայման համառոտագրել  իմ տետրում, թե ինչ է եղել տարվա ընթացքում, ինչ վերելքներ ու վայրէջքներ են եղել, ու ինչ սպասելիքներ ունեմ գալիք տարվանից: Այդ պահը ոչ մի բանի հետ չեմ փոխի:

IMG_1274 copyIMG_1281 copyԻ՞նչ խորհուրդ ունի Ամանորը քեզ համար։

- Ամանորն ինձ համար նորի մասին երազելու հնարավորություն է: Արդեն ասացի, որ վաղուց սովորություն ունեմ. կախարդական գիշերը, նախքան կհնչեն Ամանորի զանգերը, գնում եմ իմ սենյակ, գրում եմ իմ գրքում կարևորագույնը, ինչ զգացել ու վայելել եմ տարվա ընթացքում: Ինքնավերլուծությունն ինձ թույլ է տալիս երազել ու էլ ավելի մեծ նպատակներ ունենալ: Նպատակներս չեմ ժամկետավորում սովորաբար, սակայն Ամանորը թույլ է տալիս սրտի թրթիռով սպասել: Իմիջիայլոց, միշտ շատ գոհ ու շնորհակալ եմ լինում, սիրտս տաք է լինում, գնահատում եմ այն ամենն, ինչ ունեմ ու դեռ պիտի ունենամ:

Մարիա, ի՞նչ սպասելիքներ ունես Դեղին հողե խոզի տարուց։

- Տարվա հաջողություններս երբեք չեմ կապում ինչ-որ կենդանու հետ ու սպասում չեմ ունենում կենդանիներից: Բայց, այդուհանդերձ, հուսով եմ, որ գալիք տարին նույնպես գլխապտույտ, անսպասելի ու հաճելի անակնկալներ կմատուցի: Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ: 

IMG_1011 copyIMG_1300 copyIMG_1191 copyIMG_2239 copyIMG_2332 copyIMG_2346 copy

Նյութը՝ Էմմա Վարդանյանի
Լուսանկարները՝ Johny Core-ի

Նկարահանումներ իրականացվել են Թումանյան 38 հասցեում գտնվող Santa՛s house խանութ-սրահում:

Բարձերը տրամադրել է Sonsation-ը: