Կիսատ հեղափոխականի Ամանորյա մտորումները


17:17 , 30 դեկտեմբեր, 2018

Մարդու կյանքը մշտնջենական սպասումների մի ընթացք է կարծես: Այդ ընթացքի մեջ է, որ մենք ժամանակ առ ժամանակ փորձում ենք մեր բաղձանքներն ինքներս իրականացնել, ինքներս կերտել մեր ապագան` անվերջ ճակատագրին ու բախտին մեղադրողից, մեր ղսմաթն անիծողից, անբան սպասողից ու դատարկ երազողից վերածվել ակտիվ “գործչի”: Այս է պատճառը, որ իր կյանքի ընթացքում մարդը, ստեպ-ստեպ վերաիմաստավորելով իր անցած ուղին ինչ որ պահերից սկսած որոշում է այլ կյանքով ապրել: Մեծամասնության համար փոփոխությունների, նոր կյանքի սպասումների իրականացման ամենահատկանշական հանգրվաններից է ՆՈՐ ՏԱՐԻՆ:

Մեծ մասամբ, մարդուս իղձերն ու ցանկություններն իրականություն չեն դառնում: Գլխավոր պատճառն այն է, որ յուրաքանչյուր, անգամ աննշան ցանկության իրագործման ճանապարհին, մարդը մոռացության է մատնում իր կողմից կատարվելիք գործողությունների ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ` ներքուստ փոխվելու, իր բաղձանքներին համապատասխան հատկություններ ձեռք բերելու, իր իղձերին զուգակշիռ բնավորության գծեր իր մեջ դաստիարակելու, ինքնապես և էապես փոխվելու, ՛՛այլ մարդ՛՛ դառնալու, ՛՛վերստին ծնվելու՛՛ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ: Այսինքն, մարդն ինքը չփոխված ցանկանում է, որ առավել կատարյալ դառնա աշխարհը. Ինքը մնալով չար, ուզում է, որ իր շուրջը բարություն սփռված լինի, մնալով գոռոզամիտ, երազում է բացառապես հանդուրժող ու խոնարհ մարդկանցով շրջապատված լինել, լինելով ագահ ու աչքածակ, ցանկանում է հասարակության կողմից առատաձեռն ու շռայլ ընկալվել, լինելով նախանձ ու հիշաչար, կամենում է, որ շրջապատված լինի իրեն սիրող մարդկանցով և այլն, և այլն:
Այս տարի մենք, ազգովի ոչ միայն ականատեսը եղանք, այլ փորձեցինք մեր բաղձանքներն ինքներս իրականացնել, ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ միջոցով ինքներս կերտել մեր ապագան, որի կարևորագույն արդյունքը մեզ համար կյանքի սպառողներից կյանք արարողների վերածվելը պիտի լիներ: Սակայն եղավ այն, ինչ եղավ: Մենք, ինքնավերափոխման, ինքնամաքրման, մեր կյանքի վերաիմաստավորման, մեր գործողություններով, դեռ հազիվ ոտքերի վրա կանգնող մեր հեղափոխությանը անշահախնդիր ծառայելու և օգնելու որևէ խնդիր չդրեցինք մեր առջև, փոխարենը, սկսեցինք հեղափոխությունից վարունգի ու պոմիդորի գների իջեցում պահանջել: Այսպես չի լինի:
Ահա նոր տարի է և ժամն է խորհելու…

Մարդն Աստծուց կուզեք, տիեզերքից, բնությունից թե ճակատագրից ՄԻՇՏ ՍՏԱՆՈՒՄ Է ՈՉ ԹԵ ԱՅՆ, ԻՆՉ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՈՒՆԵՆԱԼ, ԱՅԼ ԱՅՆ, ԻՆՉ ՈՐ ԻՆՔԸ ՎԱՍՏԱԿԵԼ Է ԻՐ ԱՊՐԱԾ ԿՅԱՆՔՈՎ, ԻՆՉԻՆ ՈՐ ԻՆՔՆ ԱՐԺԱՆԻ Է: 
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ: