21:07 , 14 ապրիլ, 2012
Ադրբեջանում՝ քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեի նախաձեռնությամբ, նախատեսվում է հայկական ֆիլմերի փառատոն անցկացնել:
Նրա խոսքով, այդ գաղափարը նրա մոտ ծնվել է հայ իրավապաշտպան Գեորգի Վանյանի ադրբեջանական ֆիլմերի փառատոն անցկացնելու նախաձեռնության ձախողումից հետո:
«Ինչո՞ւ լավ հայկական ֆիլմեր չընտրել ու չցուցադրել մեզ մոտ՝ Ադրբեջանում: Չե որ դա ամենևին էլ վատ չի լինի», - ասել է Ալիզադեն:
Ադրբեջանցի քաղաքագետի համոզմամբ, ցանկացած արվեստ մարդասիրական նպատակների է ծառայում. «Գեորգի Վանյանը, Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի ցուցադրություն կազմակերպելով, ցանկանում էր, որպեսզի հայ ժողովուրդը ադրբեջանցիներին տեսնի այնպիսին, ինչպիսին որ նրանք իրականում կան՝ բարյացակամ և խաղաղասեր»:
Նա ընդգծել է, որ ազգամիջյան ատելությունը հրահրում են կայսերական ուժերը և իշխանության համար պայքարող հակազգային ուժերը:
Խոսելով Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի նախագահ Գ. Վանյանի մասին՝ քաղաքագետը նշել է, որ անձամբ ծանոթ է նրա հետ. «Նա համարձակ մարդ է, որի կամքը հնարավոր չէ կոտրել սպառնալիքներով»:
Վերադառնալով Բաքվում հայկական ֆիլմերի ցուցադրություն կազմակերպելու գաղափարին՝ Զ. Ալիզադեն նշել է, որ հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու համար, որին ձգտում է Ադրբեջանը, բոլոր կարծրատիպերը պետք է կոտրվեն. «Դրա լավագույն միջոցն արվեստն է, այդ թվում՝ կինոն»: