Ռազմական արդյունաբերության համար նախ և առաջ արդյունաբերություն են ունենում


17:15 , 27 դեկտեմբեր, 2018

Ռազմական արդյունաբերության համար նախ և առաջ արդյունաբերություն են ունենում: Իսկ ռազմականը` որպես արդյունաբերության ճյուղ, ամենագիտատարն է: Պարզ չէ, թե ի՞նչ գումարներով ու ի՞նչ գիտակատեխնիկական բազայի վրա է ծավալվելու ռազմարդյունաբերությունը: Ֆունդամենտալ հարց է. պետական միջոցների հաշվի՞ն է, թե՞ մասնավոր: Ի՞նչ միջոցներ են դրանք:

Ես, իհարկե, հասկանում եմ, որ ականջահաճո տերմիններ կան աշխարհում, բայց չեղած գիտատեխնիկական բազայի ու չեղած փողի պարագայում կարելի է նաև ասենք լուսին թռնելու ազգային նպատակ հռչակել և նույնիսկ նախարարություն ստեղծել: Ամեն դեպքում, եթե տանկային, ավիացիոն, հրետանային համակարգերի, հակատանկային ու ՀՕՊ միջոցների ստեղծման, արտադրության և մոդերնիզացիայի խնդիր չես դնում(իսկ Հայաստանը նման խնդիր չի կարող դնել), ուրեմն զբաղված ես ինչ-որ անհասկանալի գործունեությամբ:

Մի քիչ սպասենք, կառավարության ծրագիրը տեսնենք, բյուջեի հետ համադրենք ու հասկանանք` սովորական փիառ գործողությու՞ն է սա, թե՞ պետական միջոցներն անիմաստ վատնելու և Զինված ուժերին փաստի առաջ կանգնեցնելու նպատակաուղղված քաղաքականություն: Իսկ վտանգները` սկսած կոռուպցիայից, պետական միջոցների անարդյունավետ վատնումից վերջացրած Զինված ուժերին անորակ և անմրցունակ սպառազինություն պարտադրելով, շատ են: Հավատացեք, շատ շատ են: