ԴԱԵՇ-ի մնացորդներին Աֆղանստան տեղափոխելու` ԱՄՆ նախաձեռնությունը կասկածի տեղիք է տալիս. Աֆղանստանի նախկին նախագահ


15:30 , 27 դեկտեմբեր, 2018

Yerkir.am-ը գրում է.

ԴԱԵՇ-ի մնացորդներին Աֆղանստան տեղափոխելու` ԱՄՆ նախաձեռնությունը կասկածի տեղիք է տալիս: Այդ մասին, ըստ ԻՌՆԱ-ի, դեկտեմբերի 26-ին Աֆղանստանի նախկին նախագահ Համեդ Քարզայի հետ հանդիպման ժամանակ ասել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին՝ հավելելով, որ ԱՄՆ-ը երբեւէ Աֆղանստանի ժողովրդի բարին չի ցանկացել:

Անդրադառնալով ահաբեկչության դեմ պայքարի գործում ԱՄՆ-ի կիրառած երկակի չափորոշիչներին՝ Շամխանին նշել է, որ ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով ԱՄՆ ռազմական ներկայությունը տարածաշրջանում անկայունության եւ հավելյալ լարվածության պատճառ է դարձել:

Ըստ նրա՝ ԴԱԵՇ-ի մնացորդներին Աֆղանստան տեղափոխելու` ԱՄՆ նախաձեռնությունը կասկածի տեղիք տվող, չափազանց վտանգավոր քայլ է: «ԱՄՆ-ն երբեւէ Աֆղանստանի ժողովրդին բարին չի ցանկացել: Աֆղանստանում այդ երկրի ռազմական ներկայությունը, անկայունությունից բացի, որեւէ այլ արդյունք չի ունեցել»,- ասել է Շամխանին:

Ալի Շամխանին Աֆղանստան էր այցելել Աֆղանստանի  նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Համդալլահ Մոհեբի հրավերով: Մեկօրյա պաշտոնական այցի ընթացքում նա հանդիպել է Աֆղանստանի բարձրաստիճան ղեկավարության ներկայցուցիչների հետ:

Մասնավորապես` Համդալլահ Մոհեբի հետ հանդիպման ժամանակ Շամխանին հայտարարել է, որ Աֆղանստանում անվտանգության խնդիրների կարգավորման նպատակով Իրանը շարունակելու է «Թալիբան» խմբավորման հետ երկխոսությունը: Նա նշել է, որ այդ երկխոսությունը կազմակերպվել է Աֆղանստանի իշխանությունների իմացությամբ եւ համաձայնությամբ: