Պատերազմ ենք հայտարարում մեր ինքնությունը և ազգային-հոգևոր արժեհամակարգը ոչնչացնել ցանկացող հակառակորդին


21:45 , 26 դեկտեմբեր, 2018
Հարգարժան բարեկամներ, քույրեր և եղբայրներ
«Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության անդամների կողմից մտավորականների, տեղեկատվական և քարոզչական ոլորտի մասնագետների, լրագրողների, հոգեբանների, մանկավարժների, ուսանողների, երիտասարդների, բազմազավակ մայրերի, ազգային-հոգևոր արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանությամբ հանդես եկող նախաձեռնությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ վերջին ամիսների շարունակական հանդիպումների և քննարկումների արդյունքում արձանագրեցինք իրավիճակային հետևյալ գնահատականները.
Առ այսօր, Արևմուտքի ջանքերը Հայաստանում ավանդական ընտանեկան ընկալումների ու քրիստոնեական բարոյականության նենգափոխման, այլասերումների օրինականացման, դրանց՝ որպես նորմ, ամրագրման գործում որոշակի չափով չեզոքացվել են առկա դիմադրության շնորհիվ: Սակայն այսօրվա նոր իրողությունների առկայության պայմաններում դա այլևս բավարար չէ:
Գնահատելով բոլոր մարտահրավերները և առկա սպառնալիքները, արձանագրում ենք, որ տարիներ շարունակ պետական և ազգային ինստիտուտների դեմ իրականացվող այդ գործընթացները չհայտարարված պատերազմի դրսևորումներ են՝ ուղղված ավանդական ընտանիքի, հայ մարդու ազգային ինքնության և բարոյականության, Հայ առաքելական եկեղեցու, դրա հոգևոր սպասավորների, քրիստոնյաների, քրիստոնեական արժեհամակարգի դեմ:
Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր ընտանիք իրավունք ունի և պարտավոր է դիմելու ինքնապաշտպանության. պաշտպանելու մեր Հայրենիքն ու Եկեղեցին, հավատն ու ընտանիքը, արժեքները՝ բարոյականությունը, արժանապատվությունն ու պատիվը:
Սա մեզ պարտադրված կենաց մահու պատերազմ է: Եվ մենք ընդունում ենք հակառակորդի նետած մարտահրավերը:
Մենք հստակ գիտակցում ենք, որ այդ պատերազմը մեզանից յուրաքանչյուրի համար Հայրենական է, նոր Ավարայր: Եվ մենք պատերազմ ենք հայտարարում մեր ինքնությունը և ազգային-հոգևոր արժեհամակարգը ոչնչացնել ցանկացող հակառակորդին:
Մենք հավատում ենք, որ մեզ պարտադրված այս պատերազմում իրական ազգանվեր ուժերի միաբանությամբ, մեր Տեր Աստծո առաջնորդությամբ, օգնությամբ ու զորությամբ մենք հաղթելու ենք:
«ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ
26.12.2018թ.