Բանգկոկում տապն ու անհողմությունն օդի վտանգավոր աղտոտում են առաջացրել


18:20 , 25 դեկտեմբեր, 2018

Բանգկոկի տարբեր շրջաններում փոշու, դիզելային մրի մասնիկներով և բենզինային շարժիչների արտանետման արգասիքներով մթնոլորտի աղտոտվածության մակարդակն արդեն մեկ շաբաթ է, ինչ կազմում է 72-ից մինչև 92 միկրոգրամ մեկ խորանարդ մետրի հաշվով՝ 50 միկրոգրամ նորմայի «վերին» սահմանի դեպքում: Այդ մասին, հատուկ հայտարարության մեջ, հայտնել է Թաիլանդի մայրաքաղաքի վարչակազմի մթնոլորտի աղտոտման վերահսկողության դեպարտամենտը:

Մեգապոլիսի վարչակազմի ինտերնետ-կայքում դեկտեմբերի 23-ի երեկոյան հրապարակված հայտարարության մեջ մայրաքաղաքի բնակիչներին խորհուրդ է տրվում հնարավորինս մնալ իրենց տներում, իսկ փողոց դուրս գալու անհրաժեշտության դեպքում կրել մառլյայի խոնավ դիմակներ կամ շնչադիմակներ: «Այս ամենի մեղավորը դեկտեմբերի վերջի համար արտասովոր տապն է և գրեթե լիակատար անհողմությունը»,- դեկտեմբերի 24-ին ՌԻԱ Նովոստիին ասել է Բանգկոկի օդերևութաբանական բյուրոյի խորհրդատու Քրայսաք Սիսամփանը:

«Բանգկոկը գտնվում է Սիամի ծոցի հենց ափին, և սովորաբար, երբ ծովից քամիներ են փչում, քաղաքի օդն ինքնամաքրվում է, ավելի ճիշտ՝ փոխվում է դրա հաշվին, քաղաքը, կարծես, օդափոխվում է: Արդեն մեկ շաբաթ է, ինչ քամի գրեթե չկա, և ոչ տիպական շոգ է տարվա այս ժամանակի համար: Այժմ գիշերները ևս ջերմաստիճանը մնում է 30 աստիճանի և ավելի բարձր մակարդակում»,- պարզաբանել է մասնագետը: Նա նաեւ հիշեցրել է, որ Բանգկոկում օդի աղտոտման հիմնական ազդանյութը քաղաքային տրանսպորտի և դիզելային շարժիչնեով բազմաթիվ մասնավոր ավտոմոբիլ-պիկապների դիզելային մուրն է: