Մասնագետը խորհուրդ է տալիս Ամանորի գիշերը չխմել շամպայն՝ թղթե մոխիրով
09:30 , 25 դեկտեմբեր, 2018
Ամանորյա ավանդույթը`խմել մի բաժակ շամպայն՝ թղթե մոխիրով, որի վրա երազանք է գրված, կարող է վնասել առողջությանը և թունավորման պատճառ դառնալ: Այդ մասին ասել է ռուս գաստրոէնտերոլոգ Սերգեյ Մորոզովը:
«Իհարկե, դա վնասակար է, քանի որ թուղթը նախատեսված չէ սննդի մեջ օգտագործելու համար: Մենք չգիտենք, թե թղթի և ալկոհոլի համատեղ օգտագործումը ինչ հետևանք կարող է ունենալ, չգիտենք նաև, թե ինչ բաղադրություն ունի այն թանաքը, որով գրվել է երազանքը, ուստի այդ ավանդույթը կարող է թունավորման պատճառ դառնալ», - բժշկի խոսքերը մեջբերել է ՌԻԱ Նովոստին:
Նրա խոսքով՝ հատկապես գունավոր թուղթը վնասակար նյութեր է պարունակում, հետևաբար եթե ավանդույթը պահվում է, ապա գոնե պետք է օգտագործել սպիտակ թուղթ և հնարավորինս փոքր չափսի: