Ինչո՞ւ Երևանը Թբիլիսիի նման չի զարդարվել (Photo)


01:45 , 24 դեկտեմբեր, 2018

Մինչև հիմա չեն դադարում խոսակցությունները Երևանի Հանրապետության հրապարակում այս տարի տեղադրված թանկարժեք տոնածառի (տարբեր տվյալների համաձայն՝ տոնածառի գնման, տեղադրման և զարդարանքի վրա ծախսվել է 71-85 միլիոն դրամ) վերաբերյալ։

Բացի այդ՝ պետք է արձանագրենք, որ Հայաստանի մայրաքաղաքը «հնաոճ» և շատ աղքատ է զարդարված։
Այս ամենի վերաբերյալ սոցցանցերի մեր օգտատերերի մեծ մասը և իշխանության մեջ գտնվող ոմանք մեկ բացատրություն ունեն՝ Հայաստանը տարածաշրջանի ամենաաղքատ երկիրն է և ի վիճակի չէ նույնիսկ մրցակցելու այս ոլորտում հարևան Ադրբեջանի և Վրաստանի հետ։ Այսինքն՝ փող չկա։ Այս պատճառաբանությամբ էլ վերջիններս «ինդուլգենցիա» են տալիս նրանց, ովքեր մեր մայրաքաղաքը «գեղի գլամուր» և ասկետիկ ոճով են ձևավորել։

Սակայն «փող չկա» պատճառաբանությունը, եթե կարելի է կիրառել Հայաստանի նկատմամբ, ապա դա այդպես չէ ՀՀ մայրաքաղաքի վերաբերյալ։

2017 թ․-ի դրությամբ Հայաստանի 1 միլիոն 75 հազար բնակչություն ունեցող մայրաքաղաք Երևանը Հարավային Կովկասի ամենահարուստ մայրաքաղաքն էր՝ 84 մլրդ 344 մլն 931 հազար դրամ՝ մոտ 174 միլիոն դոլար։ 2,1 միլիոն բնակչություն ունեցող Բաքվի բյուջեն կազմում է 123 միլիոն դոլարից մի փոքր ավել է։ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին (1,1 միլիոն բնակչություն), որի ճող և ՃԱՇԱԿՈՎ ամանորյա արդուզարդարանքի և տոնածառի լուսանկարներն այսօր ցնցեցին ամբողջ հայաստանյան հասարակությանը, իր բյուջեով զիջում է Երևանին, բայց մի քանի հարյուր հազար դոլարով ավել է Բաքվին հատկացվող տարեկան գումարից՝ կազմելով 124 միլիոն դոլար։ Այսինքն՝ գումար կա։ Ավելին՝ շատ կա։

Հիմա հարց․ եթե մեր մայրաքաղաքն իր գեղեցիկ և ճոխ արդուզարդարանքով զիջում է և՛ Թբիլիսիին, և՛ Բաքվին, ապա ո՞ւր են գնում մեր գումարները։

Չինովնիկներին հարկատուների հաշվին անգլերեն սովորեցնելու և բազմաթիվ վոյաժներ կազմակերպելու փոխարեն այդ գումարներից մի որոշ մասը լավ կլինի հատկացվի մի կարգին դիզայների վարձելու ու հարկատուներին իրական ՏՈՆ պարգևելու համար։

Իսկ մեզ մնում է այս տարի ևս զմայլվել ճաշակով և գեղեցիկ զարդարված օտարերկրյա քաղաքների լուսանկարներով։

ՀԳ. Տեղադրում եմ մեր հարևան Վրաստանի մայրաքաղաքի մի քանի լուսանկարներ, որոնք հաստատ ձեր տրամադրությունը կբարձրացնեն։ Շատ գեղեցիկ է։