Ջավախքցիների կարգավիճակի մասին


03:49 , 21 դեկտեմբեր, 2018

Քանի օր է՝ ակտիվացել են խոսակցությունները երկքաղաքացիության մասին, մեր համաքաղաքացիները Բավրայի անցակետն են փակում՝ պահանջելով, որ Հայաստանի նոր իշխանությունները քրեական հետապնդման չենթարկեն այն անձանց, ովքեր բանակի հետ փաստաթղթային ինչ-ինչ խնդիրներ ունեն: Ու, կարծես, այն արհեստականորեն է ուռճացվում, ինչ-ինչ ուժերի կողմից հրահրվում:

Այս դեպքն այն դեպքը չէ, որի հիման վրա հնարավոր է ստանալ ինչ-որ դիվիդենտներ, քանի որ ջավախահայերին ապօրինաբար ու զանգվածաբար Հայաստանի նախկին իշխանություններն են տվել Հայաստանի քաղաքացիություն: Ջավախահայերը ստացել են ֆիկտիվ քաղաքացիություն, նրանց՝ հայկական անձնագիր ստանալու միակ մոտիվացիան եղել է այն, որ նրանք ազատ կարողանան հասնել Ռուսաստան, և ուրիշ ոչինչ: Իսկ նախկին իշխանության մոտիվացիան եղել է այն, որ այդ մարդկանց, ֆիկտիվ քաղաքացիների ձայներն ընտրությունների ժամանակ օգտագործեն (ընտրությունները կեղծելու մեթոդներից մեկը): Ավելին՝ նախկին իշխանությունները՝ ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, այդ մարդկանց ապօրինաբար շնորհելով հայկական անձնագիր, ստացողներին էլ հետները դարձրել են մեղսակից՝ ունենալով կոմպրոմատ մի քանի հազար մարդկանց վրա և ստանալով նրանց օգտագործելու հնարավորություն:

Ես այս մասին մի քանի տարի արդեն ասում եմ, որ նախկին իշխանության նման գործելակերպը վնասում է հենց Հայաստանի ազգային շահերին, քանի որ, ամեն ինչից դուրս, ջավախահայերին հայկական անձնագրեր բաժանելով նախկին իշխանությունները խրախուսում էին նրանց արտագաղթը Ջավախքից: Ցուցարարներին ընդունել է ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, բացի դրանից՝ Հայաստանի ԱԱԾ-ի տնօրեն Արթուր Վանեցյանը պաշտոնապես հայտարարել է, որ ոչ մի ջավախահայ անձնագրային խնդիրներով քրեական հետապնդման չի ենթարկվում:

Ներկայիս Հայաստանի իշխանությունները, կարծում եմ, անգամ եթե սկսեն քրեական գործեր հարուցել, առաջին հերթին պետք է սկսեն այն մարդկանցից, ովքեր տվել են, շնորհել են այդ անձնագրերը, և հետո՝ նոր ստացողներին:
Իսկ ցուցարարների մասով կարծում եմ՝ բոլորն էլ իրավունք ունեն իրենց բողոքն արտահայտելու, բայց երբ տարիներով անգամ ավելի ծանր իրավախախտումների դեպքում նրանք լռել են, իսկ հիմա, երբ, կոպիտ ասած, նրանց ամեն կերպ հայկական իշխանություններն ընդառաջում են, ու նրանք մնում են այդպես էլ անկոտրում ու շատ սկզբունքային, մի ձև տրամաբանական չէ, և կարելի է վստահ ասել, որ այս պատմության մեջ ինչ-որ ուժեր ինչ-որ սպասելիքներ ունեն: