Չիլիում գամմա-աստղադիտակների խոշորագույն համալիր է ստեղծվում


01:13 , 21 դեկտեմբեր, 2018

168.am-ը գրում է

Չիլիի կառավարությունը եւ Եվրոպայի հարավային աստղադիտարանը (ESO) ստորագրել են համաձայնագիր, որը թույլ կտա գործարկել գամմա-ճառագայթման սպեկտրում տիեզերքի ուսումնասիրման Cherenkov Telescope Array Sur խոշոր միջազգային ծրագիրը Paranal աստղադիտարանի տարածքում՝ երկրի նահանգներից մեկում:

Այդ մասին հայտնել է Չիլիի արտաքին գործերի նախարարությունը: Խոսքը վերաբերում է տարբեր տրամագծի 99 գամմա-աստղադիտակներին, որոնք կգործարկվեն 2025 թվականին:

Իսպանիայում գտնվող 19 ապարատների հետ մեկտեղ դրանք կստեղծեն խոշորագույն վերերկրյա աստղադիտարանը: Գիտնականները կհետազոտեն տիեզերական ճառագայթների առաջացումը, դրանց բնույթը եւ բազմազանությունը, կուսումնասիրեն սեւ անցքերի մատերիան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: