«Մեզ մոտ ոչինչ էլ չի փլուզվել, Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն է աշխարհում և տարածաշրջանում». Պուտին


16:07 , 20 դեկտեմբեր, 2018
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ամենամյա մեծ մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է Հայաստանից լրագրողի հարցին, թե «ինչպես է Ռուսաստանը պատրաստվում վերականգնել քաղաքականությունը Հայաստանի հետ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո»:

ՌԴ առաջնորդը հավաստիացրել է, որ հայ-ռուսական հարաբերություններում որևէ «փլուզում» տեղի չի ունեցել, Հայաստանը եղել և շարունակում է մնալ Ռուսաստանի ամենամտերիմ դաշնակիցն ու գործընկերն Անդրկովկասում:

«Ի՞նչ է նշանակում վերականգնել հարաբերությունները: Մեզ մոտ ոչինչ էլ չի փլուզվել: Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն է աշխարհում և տարածաշրջանում, ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ երկիր, վերականգնելու բան չկա, հարկավոր է զարգացնել այն, ինչ կա, նախորդ ղեկավարների ստեղծած բազայի հիման վրա», - ասել է Պուտինը՝ շեշտելով, որ հայ ժողովուրդը ռուս ժողովրդի պատմական դաշնակիցն է:

«Այդպես եղել է պատմականորեն, այդպես կա և, հուսով եմ, այդպես կլինի: Մենք պետք է գործենք՝ հաշվի առնելով ներկա իրադրությունն աշխարհում ու տարածաշրջանում: Այս հարցերը մոտակա ժամանակներս կքննարկենք պարոն Փաշինյանի հետ, ով կայցելի առաջիկա շաբաթ»,- ասել է ՌԴ նախագահը: