«Գազի սակագնի շուրջ բանակցությունները շարունակվում են, հստակ ֆիքսված վերջնական գին չկա». Վ. Սիսեռյանը՝ սահմանին գազը 215 $ դարձնելու մասին


12:50 , 20 դեկտեմբեր, 2018

Գազի սակագնի շուրջ բանակցությունները շարունակվում են, հստակ ֆիքսված վերջնական գին չկա:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը՝ անդրադառնալով սահմանին 1000 խմ գազի ներկայիս 150 դոլարը 215 դոլար դարձնելու մամուլի հրապարակմանը:

Ավելի վաղ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը հայտարարել էր, որ ՀՀ-ն բանակցություններ է վարում «Գազպրոմ» ընկերության և ՌԴ էներգետիկայի նախարարության հետ:

«Պարոն Ավինյանի ենթակայության տակ գտնվող կառույց է էներգետիկայի նախարարությունը, բնականաբար, նա պետք է ամեն ինչից տեղյակ լինի և մասնակցում է այդ ամենին»,- ասաց Վարագ Սիսեռյանը:

Հիշեցնենք, որ «168 ժամ» թերթի տեղեկություններով՝ ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակը նամակ է հղել ՀՀ կառավարություն, մասնավորապես՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին՝ նշելով, որ ռուսական գազը սահմանին լինելու է 215 դոլար 1000 խմ-ի դիմաց, և դա քննարկման ենթակա չէ:

Հարցին, թե ՌԴ փոխվարչապետից նման նամակ ստացե՞լ է գրասենյակը, Վարագ Սիսեռյանը պատասխանեց. «Չգիտեմ՝ նամակ ստացել ենք, բայց գիտեմ, որ կողմերի միջև բանակցությունները շարունակվում են»:
Դեկտեմբերի 31-ին ավարտվում է ռուսական գազի մատակարարման պայմանագրի գործողության ժամկետը: Ներկայումս Հայաստանը գազը սահմանին ձեռք է բերում 150 դոլարով: