Ինչ անել, որպեսզի արտահանողները Վերին Լարսի փակ լինելու պատճառով չտուժեն. Հրաչ Բերբերյանի առաջարկը


20:13 , 16 դեկտեմբեր, 2018

168.am-ը գրում է

«Ագրարագյուղացիական միավորում» հ/կ նախագահ Հրաչ Բերբերյանի խոսքով, որպեսզի գյուղմթերք արտահանողները Վերին Լարսի փակ լինելու պատճառով ֆինանսապես չտուժեն և չհայտնվեն փակուղու առջև, անհրաժեշտ է Հայաստանում կառուցել մեծածախ շուկաներ՝ լոգիստիկ կենտրոններ։

«Վաղ թե ուշ այդ կենտրոնները պետք է կառուցվեն, կարծում եմ՝ մեծածախ շուկան պետք է լինի այնպիսին, որտեղ կտեղավորվի 40 հազար տոննա գյուղմթերք։ Եթե մարդիկ գյուղմթերք պետք է արտահանեն այլ երկրներ, սակայն Վերին Լարսը փակ է, այդ դեպքում մթերքը պետք է հայտնվի այդ շուկայում և փաթեթավորվի, այնուհետև արտահանվի։ Սա ստրատեգիական և խելացի լուծում է, եթե կարողանանք այս ուղղությունը զարգացնել, ապա Հայաստան կգան միլիարդավոր դոլարներ, քանի որ Ռուսաստանից եկող գյուղմթերքը կարող է մտնել այդ շուկա, այնուհետև բաշխվել»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Հրաչ Բերբերյանը։

Ըստ նրա, նման կենտրոններ կան Ռուսաստանում, և արդյունքները գոհացուցիչ են.

«Օրինակ՝ Ռոտերդամի, Ֆրանկֆուրտի մեծածախ շուկան, դրանք գիգանտներ են, լավ արդյունքներով։ Ըստ իս, Հայաստանում նման կենտրոն առաջին հերթին պետք է կառուցվի Մասիսի տարածաշրջանում։ Այս ցաք ու ցրիվ տնտեսությունը պետք է բերվի մեկ տեղ, որը կլինի տնտեսության լոկոմոտիվը»,- ասաց Հ. Բերբերյանը։

Նրա կարծիքով՝ Հայաստանի տնտեսությունն այսօր այնպիսի վիճակում է, որ պետությունը պետք է զբաղվի ոչ թե փոքր, այլ խոշոր և պլանավորված ներդրումներով։

Անդրադառնալով ոռոգման համակարգին, Հրաչ Բերբերյանը նկատեց, որ նախորդ տարի Հայաստանում գրանցվել են մեծ թվով տեղումներ, սակայն պետությունը Սևանից հավելյալ ջրառ իրականացրեց։